21 05 2021

Ամեն մարզում առնվազն մեկ բարձրակարգ բուժսպասարկման հիմնարկ պետք է լինի. Ռոբերտ Քոչարյան



«Միամտություն կլինի մտածել, թե Երևանից դուրս բժշկական համակարգը նույնը պետք է լինի։ Հասկանալի է, որ բոլորն իրենց նախընտրական ծրագրերում նման ինչ-որ բան գրելու են։ Կարծում եմ՝ ճիշտ տարանջատում պետք է մտցնել»։

Այս մասին առողջապահության ոլորտի ներկակյացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով մարզերում հիվանդանոցների առկայությանը:

«Չես կարող ամեն տեղ մասնագիտացված կլինիկաներ ունենալ։ Այդ կլինիկաները պետք է լինեն շատ բարձր մակարդակի, և պարտադիր չէ, որ կենտրոնացած լինեն Երևանում։ Բայց ամեն մարզում առնվազն մեկ բարձրակարգ բուժսպասարկման հիմնարկ պետք է լինի։

Չգիտեմ՝ վերջին տարիներին այս հարցին ինչ կարգի ուշադրություն են դարձրել, բայց որոշակի ստանդարտ պետք է լինի, և դրանից իջնելն անթույլատրելի է։ Այդ ստանդարտից իջնելը կնշանակի, որ դու այլ աչքով ես նայում, օրինակ՝ Աշոցքի բնակչությանը, քան մայրաքաղաքի բնակիչներին։ Սա այն դեպքը չէ, որ ֆանտաստիկ գումարներ պահանջվեն։ Սա հնարավոր է անել։ Ինձ թվում էր, որ մենք այս խնդիրն արդեն հաղթահարել ենք, որովհետև լայնածավալ տարբեր ծրագրերով աշխատանքներ կատարվել են։ Հետո այդ ամենը կանգնեց, և ամեն ինչը մնաց կենտրոնացած Երևանում։

Ընդհանրապես, երկրի համաչափ զարգացման հարցը երկրի ոչ միայն տնտեսական հարցն է, այլ նաև անվտանգության։ Եթե այսպես շարունակենք, կունենանք դատարկված գյուղեր, հատկապես սահմանամերձ տարածքներում։ Պետք է մտածել կլաստերների մասին։ Բժշկության ոլորտում կլաստերային մոտեցումը կարող է շատ արդյունավետ լինել։

Ժամանակին Գյումրիում շատ մեծ ծավալների շինարարություն ենք կատարել։ Կարող ենք կրկնել։ Եթե գյումրեցիները ուզում են կրկնենք, թող ճիշտ կողմնորոշվեն։ Գյումրիում իրականացվող շինարարությունը ոչ միայն «Լինսի» հիմնադրամի միջոցներով էր, նաև բյուջեի, Հանթսմանի անձնական կապերի հաշվին մի թաղամաս կառուցվեց։ Նաև առաջին անգամ USAID -ի հետ ծրագիր ենք իրականացրել` աղետի գոտում բնակարանների գնման սերտիֆիկատ տրամադրելով։ Առաջին տրանշը 15 մլն դոլար էր, հետո ավելացավ։ Ի դեպ, այդ սերտիֆիկատների ծրագիրը թույլ տվեց, որ անշարժ գույքի շուկայում գների անկում չլինի։ Մի կողմից մեծ ծավալների շինարարությունը բերում է առաջարկի և պահանջարկի որոշակի խաթարման, բայց սերտիֆիկատների տրամադրման ծրագրով մենք հարթել ենք այդ խնդիրը»,-ասել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ