NEWS.am-ը գրում է․
«Սյունիքում տեղի ունեցած այս գործընթացները խայտառակություն են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի «Սեւ լիճ» տեղանքում եւ հարակից տարածքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը եւ խորացել մինչեւ 3,5 կիլոմետր։ Այս պահին էլ բանակցություններ են ընթանում։
«Այն իշխող բարձունք է, որն ամբողջությամբ վերահսկում է Սիսիանի օդանավակայանը եւ մայրուղին, որը Սարավանից տանում է մինչեւ Գորիս, այնուհետեւ Կապան։ Այդ ամբողջ տարածքը մեր ժողովրդի համար նաեւ որպես արոտավայր է ծառայում։ Եթե հանձնենք դա, խնդիրներ ենք ունենալու»,- ասաց Մովսես Հակոբյանը։
Գեներալ-գնդապետի խոսքով՝ եթե հակառակորդն հատել է պետական սահմանը, հայկական կողմը կարող է գերի վերցնել։
«Ռազմաքաղաքական իշխանությունները պետք է որոշում կայացնեն, չպետք է թույլատրեին, որ այսօր էլ չբանակցեին։ Նախօրոք պիտի կանխարգելիչ գործողություններ իրականացնեին։ Իմանալով այդ բարձունքի կարեւորության մասին՝ մենք այնտեղ պետք է վաղուց դիրքավորված լինեինք»,- ասաց Մովսես Հակոբյանը։
Հիշեցնենք, որ երեկ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։
Երեկոյան արդեն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որում քննարկվել են Սյունիքի մարզի «Սեւ լիճ» տեղանքում ստեղծված իրավիճակը։
Կառավարության այսօրվա նիստում Փաշինյանը հայտնել է, որ իրադրության էական փոփոխություն չկա, գործ ունենք ճգնաժամի հետ։
Վարչապետի պաշտոնակատաը նշել է, որ տեղի ունեցածը նախապես ծրագրված սադրանք է եղել, որովհետեւ ադրբեջանցիներն իրենց հետ ունեն կեղծված քարտեզներ, որով ուզում են հիմնավորել, թե իրենք գտնվում են Ադրբեջանի սահմաններից ներս»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը