30 05 2023

Շարունակական կործանման ենք գնում․ Մովսես Հակոբյան

Շարունակական կործանման ենք գնում․ Մովսես Հակոբյան

NEWS.am-ը գրում է․ Այն, ինչ կատարվում է վերջին 2․5 տարում, արտացոլված է նոյեմբերի 9-ի փաստաթղթով, եւ ինձ համար զարմանալի չէ, որ Արցախը կարող է ճանաչվել Ադրբեջանի կազմում։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը

«Ես իրավիճակի զարգացումներին հետեւում եմ այնքան, որքան բոլորս ենք հետեւում, բայց եզրակացություն անելու համար պետք է տեղյակ լինեմ ամբողջ բանակցային գործընթացին, ռազմական պոտենցիալին, ներքաղաքական իրավիճակին, դաշնակիցների եւ թշնամիների ունեցած վերաբերմունքին, դրա համար չեմ կարող հետեւություններ անել։ Իսկ այնքան մասով, ինչքան բոլորիս է հայտնի, միայն կարող եմ ասել, որ շարունակական կործանման ենք գնում։ Մի բան պետք հասկանանք՝ հնարավորության մասին, որը կորցրել ենք, անիմաստ է խոսելը»,- ասաց Հակոբյանը։ Հնարավորություն ենք կորցրել։

Մովսես Հակոբյանի կարծիքով՝ եթե Ադրբեջանն անգամ ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, միեւնույն է, կրկին տարածքային նկրտումներ է ունենալու Հայաստանի նկատմամբ․ «Ադրբեջանը երբեք չի սահմանափակվելու իր արդյունքներով։ Խաղաղության պայմանագիրը անվտանգային որեւէ երաշխիք մեզ չի տալու»։

Մովսես Հակոբյանը բացառում է, որ Ստեփանակերտը կարող է ուղիղ բանակցություն ունենալ Բաքվի հետ։ 

«Ալիեւի վերջին հայտարարությունից, որ Արցախի խորհրդարանը պետք է ցրվի, քաղաքացիներն ընդունեն իրենց օրենքները, եւ առհասարակ իր քաղաքականությունից պետք է հասկանալ, որ անիմաստ է մտածելը, թե Ստեփանակերտը կարող է բանակցել Բաքվի հետ։ Անհնար է, որ Արցախցին ապրի Ադրբեջանի կազմում։ Ես լավ գիտեմ՝ ով է ադրբեջանցին, եւ ինչ վերաբերմունք ունի հայ ժողովրդի նկատմամբ։ Ադրբեջանցին ցանկանում է, որ աշխարհում հայ չլինի»,- ընդգծեց Հակոբյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ