Արմեն Գևորգյանը տելեգրամյան իր էջում գրում է.
Այսպիսով, ընտրական գործընթացը մեկնարկեց։ Մի քանի կարևոր նկատառում․
Առաջին․ Նիկոլը փոքրամասնություն է, բայց դա ամենևին չի նշանակում, որ նա էլեկտորատ չունի։ Այն կա և դա փաստ է։ Այդ էլեկտորատը նրա եռամյա կառավարման արդյունքն է։ Դրանից չպետք է նեղվել։ Ապագայում, ընտրություններից հետո մեր առաջնային խնդիրներից է լինելու՝ բուժել այդ մարդկանց հոգիները՝ նախ և առաջ գործով, և նաև ցույց տալ, թե ինչպիսի տարրական խաբեբա էին իրենց կուռքերը։
Երկրորդ․ մենք պետք է օր ու գիշեր աշխատենք, որպեսզի կարճաժամկետ հեռանկարում երբեք մեր ժողովրդին չկանգնեցնենք նիկոլանմանների ընտրության առաջ։ Արժանապատվությունը, ազնվությունն ու արդարությունը, ինչպես նաև աշխատելու և սեփական ընտանիքը պահելու հնարավորությունների ստեղծումը․ սրանք են հաջողության հասնելու հիմնական մոտեցումները։ Դրան գումարած՝ յուրաքանչյուրը պետք է լինի իր տեղում։ Երկրում պետք է տիրի կարգ ու կանոն:
Երրորդ․ Հաջորդ որևէ իշխանություն երբեք չպետք է թույլ տա այնպիսի ցինիզմ և բացահայտ սուտ ու մանիպուլյացիա, որի հետ մեր ժողովուրդը բախվում է վերջին երեք տարիների ընթացքում։ Նոր իշխանությունների բառապաշարում բացակայելու են այնպիսի արտահայտությունները, ինչպես օրինակ․ «իսկ հիշո՞ւմ եք, երբ ինչ որ բան անում կամ ասում էր Նիկոլը, դուք լռում էիք կամ հանդուրժում»։ Ո՛չ, դա ճիշտ չէ։ Դա մերը չէ։
Չորրորդ․ Բոլոր մարդիկ, հատկապես՝ պետական ծառայության մեջ գտնվողները, այս իրավիճակում պետք է արդեն ընտրություն կատարեն․ բարդ, բայց անհրաժետ ընտրություն։ Գիտեմ, ձեզնից շատերը սպասում էին Նիկոլի վերջնական հրաժարականին։ Վե՛րջ, այլևս ոչ ոք արդարացումներ և անսկզբունքային տեքստեր չի լսելու։ Դուք կարող եք առաջիկա երկար տարիներին ձեր գիտելիքն ու փորձը հաջողությամբ ծառայեցնել մեր պետությանը, բայց դրա համար այսօր պետք է մեկ բան՝ դիրքորոշում և գործողություն․ կամ մենք ինքնամաքրման այս ճանապարհը միասին կանցնենք, կամ ապագայում անսկզբունքայինները տեղ չեն ունենա։
Հինգերորդ՝ ամենակարևորը. չթուլանալ։ Այն դիրքորոշումը, որ Նիկոլը հեռանում է, պետք է մտնի բոլորի տներ՝ գյուղերում և քաղաքներում։ Շատերին այն կարող է դուր չգալ, սակայն պետք է բոլորը հաշտվեն այս մտքի հետ։ Բոլորը պետք է գնան քվեարկության։ Բոլորը, առանց բացառության բոլորը։ Սա սկզբունքորեն կարևոր է։ Մասնակցության մակարդակից է կախված լինելու երկրում իշխանափոխության գործընթացների ամրությունն ու անշրջելիությունը։
Եվ վերջինը․ բոլոր առողջ ուժերի խնդիրն է՝ համախմբվել Նիկոլի հեռացման գաղափարի շուրջ։ Չափից ավելի մեծ ձգտումը՝ հավաքել ավելի շատ ձայներ, քան մրցակիցները, ընտրողների մի մասի մոտ կարող է առաջացնել նախանիկոլական ժամանակաշրջանի ոչ ամենալավ հիշողությունները։ Հիշե՛ք սա՝ հատկապես տեղերում։ Վարչական ռեսուրսի և ոչ-ֆորմալ հարաբերությունների օգտագործումը արդեն Նիկոլի մենաշնորհն է․ նա երկու ոտքով հայտնվել է այդ թակարդում։
Առաջարկում եմ բոլորի համար միավորող գաղափար դարձնել իշխանությունից Նիկոլի հեռացման համընդհանուր հետհաշվարկը։
Նիկոլի գնալուն մնացել է 41 օր:
Առողջ եղեք և ամեն ինչ լա՛վ է լինելու:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը