Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
Մի շատ կարևոր բանի մասին եմ ցանկանում գրել ու չգիտեմ քանի մարդ ինձ կհասկանա ու քանիսը կթռնեն դեմքիս (հատկապես տաքգլուխ դեմոկրատների), բայց, կարծում եմ, դա է այսօրվա ամենակարևոր խնդիրներից մեկը, որն առաջիկայում պետք է լուծենք:
Ամեն երկիր ունի իր առանձնահատկություններն ու իր կառավարման մոդելը:
Յուրաքանչյուր երկիր ինքնուրույն պետք է որոշի, ըստ իր առանձնահատկությունների, առանց դրսից տրվող դեղատոմսերի, իր կառավարման մոդելը:
Եթե մեկուկես միլիարդանոց երկրում, Չինաստանում, Շվեդիայի պես կառավարման մոդել ներդնեն, ապա դա նշանակում է փլուզել ու ոչնչացնել Չինաստանը, նույնը վերաբերվում է Իրանին ու դրա համար կան շատ կոնկրետ պատճառներ: Եթե Իրանին ու Չինաստանին պարտադրեն դառնալ Շվեդիայի նման երկիր, դա նշանակում է նպատակը մեկն է, կա նպատակ քանդել այդ երկրները:
Ըստ էության Իրանում անգլիական կառավարման մոդելն է ընտրված, սեփական յուրահատկություններով: Կա ընտրություններից վեր ինստիտուտ՝ Ռահբարը՝ Հեղափոխության առաջնորդն, ինչպես Անգլիայում թագուհին է, որը չի ընտրվում և ունի մեծ լիազորություններ, բայց դա կարող է օգտագործել ծայրահեղ դեպքերում և կան ընտրվող ինստիտուտներ՝ Անգլիայում՝ խորհրդարան, Իրանում՝ խորհրդարան ու նախագահ:
Ռահբարը և թագուհին շատ նման լիազորություններ ունեն ու պահպանում են գործող համակարգը: Եթե Իրանում Ռահբարը չլինի, ապա ժամանակի հարց է Իրանի փլուզումն ըստ ազգային ու կրոնական հատվածների: Նույնը կարելի է ասել Չինաստանի մասին, որտեղ այդ երկիրը ցեմենտում է կոմունիստական կուսակցությունը: Դա լավ է, թե վատ, ճաշակի ու աշխարհայացքի հարց է, սակայն եթե այդ երկրները փլուզվեն, ապա տասնյակ տարիների դրանք վերածվելու են արյունալի քաղաքացիական պատերազմների տարածքի ու ցանկացած դեպքում դեմոկրատիայի մասին խոսելն անլուրջ կլինի:
Ռահբարը, թագուհին, Չինաստանի կոմունիստական կուսակցությունն այն ինստիտուտներն են, որոնք երաշխավորում են այդ երկրների կայունությունը, անգամ՝ գոյությունը:
Հետաքրքիր մեխանիզմներ կան ԱՄՆ-ում, որտեղ վերպետական լեգալ ու ստվերային լծակներ ու ստորաբաժանումներ կան, որոնք չեն ընտրվում, սակայն երաշխավորում է երկրի ամբողջականությունն ու կայունությունը:
Օրինակ, Սիրիայում, Լիբիայում, Իրաքում մենք տեսանք դեմոկրատիայի ներդրման "փայլուն" հետևանքները։
2018 թվականը ցույց տվեց, որ Հայաստանում չկան այն վերպատական, կամ ներպետական ինստիտուտները, որոնք կապահովեին երկրի կայունությունը տարբեր արկածախնդիրներից:
Հայաստանը մոնոէթնիկ երկիր է և դժվար էր պատկերացնել, որ կարելի է գտնել ինչ որ գաղափար, որի միջոցով հնարավոր կլիներ փլուզել երկիրն ու անվտանգության համակարգը: Բայց գտնվեց, սոցիալական դեմագոգիան (լավ հաշվարկված ու դրսից ներդրված սոցիալական տեխնոլոգիաներով) ոչնչացրեց անվտանգության համակարգը:
Սա դաս է, որից պետք է եզրակացություններ անենք: Ցանկացած երկիր պետք է ունենա իր ողնաշարը, անկախ նրանից, թե դեմոկրատական է, կամ՝ ոչ: Նաև նման տեխնոլոգիաները օգտագործել թշնամու տարածքում, ինչպես Ադրբեջանն ու Թուրքիան արեցին Հայաստանում:
Այ այդ ողնաշարը մենք պետք է կառուցենք ազդեցության լրտեսներին իշխանությունից ու որոշ "ընդդիմադիրներին" քաղաքական դաշտից վռնդելուց հետո:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը