08 04 2021

Հայաստանի խորքային պետության ստեղծումն այլընտրանք չունի․ Արթուր Ղազինյան

Հայաստանի խորքային պետության ստեղծումն այլընտրանք չունի․ Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրում է.

«Առաջիկա 5 տարիները Հայաստանի համար կլինեն ճակատագրական, հետևաբար արդեն այսօր մենք պետք է մտածենք ու պլանավորենք ապագա 5 տարիների մեր անելիքը։

Իմ խորին համոզմամբ, առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստանը պետք է ընթանա ազգային պետություն կառուցելու ճանապարհով` որդեգրելով ազգային-պահպահողական քաղաքականություն։

Տարածաշրջանային գործընթացները շարունակում են գտնվել խիստ անկանխատեսելի ու վտանգավոր տիրույթում, որտեղ առաջնային է դառնում Հայաստանի ներքին և արտաքին անվտանգային համալիրի վերագործարկումը` ինչպես փափուկ, այնպես էլ կոշտ ուժի գործադրման եղանակով։

Ֆիզիկական գոյության վտանգը պետք է մեզ ստիպի մի կողմ թողնել բոլոր ձևականությունները, միջազգային և համամարդկային կեղծ և շինծու պոստուլատները, բոլոր քաղաքական, և անձնական  բնույթի տարաձայնությունները և հակասությունները, միասնական ջանքերով մշակել և հաստատել Հայաստանի ազգային և պետական գերկա շահերը, դրանց հիմքի վրա մշակել նոր Սահմանադրություն, Ազգային անվտանգության նոր դոկտրինա և Արտաքին քաղաքականության համապարփակ հայեցակարգ։

Այս փաստաթղթերի առկայությունը և դրանց շուրջ համազգային կոնսենսուսը մեզ հնարավորություն կտա ձևավորել կոնսոլիդացված հասարակություն, գույքագրել, գեներացնել և կապիտալիզացնել Հայկական աշխարհի (սփյուռքի) ողջ ներուժը`Հայկական շահի բացահայտման, համաձայնեցման և այդ շահերին ծառայելու համազգային հանձնառության հաստատման բարձր առաքելությամբ։

Հայաստանի խորքային պետության ստեղծումն այլընտրանք չունի, քանզի Հայկական պետությունը պետք է լինի վստահելի և կանխատեսելի գործընկեր իր ներքին և արտաքին գործընկերների համար, մշակի և իրականացնի ՀՀ ազգային ու պետական շահերի վրա հիմնված ներքին և արտաքին քաղաքականություն։

Ոլորտային ռազմավարական քաղաքականությունները պետք է մշակվեն և գործադրվեն ՀՀ Ազգային անվտանգության դոկտրինայի և Արտաքին քաղաքականության հայցակարգի հիմքի վրա` մասնագիտացված ուղեղային կենտրոնների կողմից, որոնցում ներգրավված փորձագետներն ու գիտնականները կունենան բարձր պրոֆեսիոնալիզմ, Հայկական շահի խորը ընկալում և կլինեն այդ շահի նվիրյալներ։

Բոլոր օրենքները պետք է մշակվեն և ընդունվեն ի կատարումն ՀՀ Ազգային անվտանգության դոկտրինայի կոնկրետ դրութի` բացառելով ինքնանպատակ և կլանային շահերի սպասարկման նպատակով օրենքների ընդունումն ու իրավական խառնաշփոթը, օրենսդրական ակտերի թիվը պետք է կրճատվի առնվազն 2 անգամ, իսկ կանոնակարգումները լինեն առավելագույնս պարզ, մատչելի ու հասկանալի` բացառելով կոռուպցիոն որևէ ռիսկ և գործնականում փակելով դրա բոլոր հնարավորությումները։

Հայաստանը կարճ ժամանակում պետք է դառնա արդյունավետ կառավարվող տարածաշրջանային գերտերություն, ինքնուրույն և որոշիչ գործոն, որի շահերի հետ հաշվի կնստեն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային ուժային քաղաքական կենտրոնները։

Այլ կերպ ասած, կամ Հայաստանը կլինի 21-րդ դարի բոլոր պահանջներին բավարարող և արդյունավետ կառավարվող պետություն, կամ Հայաստան անունով պետություն այլևս չի լինի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ