ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 13-ին նախագահական նստավայր հանդիպման էր հրավիրել Հայրենիքի փրկության շարժման առաջնորդներին, խորհրդարանական խմբակցությունների առաջնորդներին, ՀՀ վարչապետին։ Հանդիպման հրավերի առիթով Շարժումը հայտարարություն է ընդունել, որը ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան սաղաթելյանն ընթերցեց Բաղրամյան փողոցում ունեցած ասուլիսի ժամանակ։
«Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը, արձագանքելով ՀՀ նախագահի նախաձեռնությանը, ընդգծում է, որ երկիրը կանգնած է ազգային աղետի շեմին, խորանում է անվտանգային, քաղաքական, սոցիալ-տնտեսական համակարգային ճգնաժամը, և հայտնի են դրա պատճառներն ու պատասխանատուները։
Հայրենիքի փրկության շարժումը վերահաստատում է ճգնաժամի հաղթահարման իր ճանապարհային քարտեզը՝ վարչապետի հրաժարական, ժամանակավոր կառավարության ձեւավորում, արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Գիտակցելով խորացող ճգնաժամի հաղթահարման հրատապ անհրաժեշտությունը՝ հայտնում ենք նշված ձևաչափով և մեր առաջարկած օրակարգով քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մեր պատրաստակամությունը։
Հանդիպումները պետք է անցկացվեն առաջնային մանդատով օժտված ՀՀ Ազգային ժողովում՝ հրապարակային, ուղիղ հեռարձակմամբ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը