19 02 2021

52 տոկոսի ժամը․ Լիա Իվանյան. Panorama.am

52 տոկոսի ժամը․ Լիա Իվանյան. Panorama.am

Panorama.am-ը գրում է․ 2018թ․ դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցեց ընտրողների 48 տոկոսը, որոնցից 884 հազարը, այսինքն՝ ընտրության իրավունք ունեցողների մոտ 1/3-ը ձայն տվեց անծանոթ իմքայլականներին։ Ժողովրդի 52 տոկոսը՝ կեսից ավելին, որևէ մասնակցություն չունեցավ այդ ընտրություններում։ Պատճառները չուսումնասիրվեցին ոչ թե այն պատճառով, որ հետաքրքիր չէին, այլ վերջին երեք տարում իրադարձությունների սրընթաց ու անտրամաբանական զարգացումները հնարավորություն չտվեցին որևէ կարևոր հիմնախնդիր խորքով հասկանալ։

Առանց ուսումնասիրության էլ պարզ է, որ այդ 52 տոկոսը հալած յուղի տեղ չէր ընդունել 2018-ի շռնդալից խոստումները, և  կամ շուտ էր գիտակցել կախարդական փայտիկի մասին հեքիաթների սնամեջությունը, այլապես Նիկոլին ընտրողների թիվը շատ ավելի մեծ կլիներ։ Դժվար է մատնանշել նրանց անտարբերության պատճառը, բայց միայն այն փաստը, որ ֆեյքերի կամ զոմբիներ շարքում  չեն, վկայում է նրանց սթափության ու հասունության մասին։  Գուցև սպասում են ջրերի մաքրվելուն՝ մտածելով սեփական ջանքերի ավելորդության մասին։ Բայց արդեն այն վիճակում ենք, որ անգնահատելի է ամեն մեկի մասնակցությունը երկիրը կեղտից մաքրելու գործում։

Հիմա ընտրություններ չկան, բայց կա պետությունը փոսից հանելու ոչ պակաս ռեալ հնարավորություն՝ ընդամենը  փետրվարի 20-ին կանգնել այն մարդկանց կողքին, ովքեր ստանձնում են այդ դժվարին գործի առաջին քայլերը։ Հասել է 52 տոկոսի ժամը։ Անտարբերությունը կամ քաղաքականությանը չխառնվելու նրանց դիրքորոշումը հազիվ թե փրկեն հոգեկան տվայտանքներից, քանի որ ճակատագրական պահ է Հայաստան աշխարհի և յուրաքանչյուր հայի համար։

Չէ՞ որ հասարակության անտարբերության հետևանքով է վարչապետն այսօր կառավարության նիստ անցկացնում այնպիսի անվրդովվությամբ, ասես ինքը չի եղել նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի ստորացուցիչ փաստաթղթերի ստորագրողը։

Ինչ վերաբերում է քաղաքականությանը չխառնվելուն, ապա այդ շքեղությունը մեզ կարող ենք թույլ տալ  կայուն զարգացման ուղին բռնած երկրում։ Իսկ այսօր քաղաքականությունն ինքն է վիշապի պես փաթաթվել յուրաքանչյուրիս վզին՝ ստիպելով ընտրություն անել ինքնիշխան պետությունը վերականգնելու կամ թուրքական վիյալեթ դառնալու միջև։

Անկեղծ ասած, խելահաս մարդու համար ընտրության հարց էլ չկա։ Հուսանք, իր ընտրությունը կանի նաև մեր համերկրացիների չկողմնորոշված, անտարբեր կամ հոգնած այդ որոշիչ 52 տոկոսը։ 

Լիա Իվանյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ