16 02 2021

Երբ Նիկոլը հրաժարականը տա, նույն ցնծությունը կլինի Երևանում, ինչ 2018-ին․ Վազգեն Մանուկյան

Երբ Նիկոլը հրաժարականը տա, նույն ցնծությունը կլինի Երևանում, ինչ 2018-ին․ Վազգեն Մանուկյան

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը բաղկացած էր երկու հարցից, մեկը Ադրբեջանի տարածքային ամբողջականություն էր, մյուսը՝ ինքնորոշման հարցը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։ 

Ըստ նրա՝  հայկական կողմը ինքնորոշման հարցը պետք է նորից բարձրացնի։ Ինչ իշխանություն էլ ձևավորվի, նա առաջին հերթին պետք է ամրապնդի Հայաստանի սահմանները և նորից բարձրացնի Արցախի հարցը եռանախագահների մոտ։ «Ես կարծում եմ, որ դա հեռանկար ունի»,-ասաց նա։

Անդրադառնալով անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե 2016 թվականի ապրիլյան պատերազմը կանգնեցվել է, որովհետև երրորդ նախագահը ինչ–որ բան է խոստացել Ադրբեջանին, Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ Արմեն Գրիգորյանը սուտ է ասել։ «Այդ ստերը նախատեսված է նրանց համար, ովքեր կա՛մ չունեն տրամաբանություն, կա՛մ ինֆորմացիա չունեն, որպեսզի կարողանան դատողություն անեն»,–ասաց նա։

Վազգեն Մանուկյանն արտագաղթի հիմնական երկու պատճառ է տեսում։ Առաջինը, որ մարդիկ աշխատատեղ չունեն, երկրորդ՝ մարդիկ կորցրել են հույսը, որ այս երկիրն ապագա ունի։

«Ես կարծում եմ, որ երբ Նիկոլը հրաժարական տա, նույն ցնծությունը կլինի Երևանում ինչ եղավ, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, ժողովրդի մոտ լավատեսությունը կվերադառնա»,–ասաց նա և նշեց, որ երբ սահմանները բացվեն շատ մարդ է գնալու Հայաստանից։


 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ