06 02 2021

Մինչև վերջին օրը գիտակցություն չկար, որ մենք պարտվում ենք, որ մենք Հայրենիք ենք կորցնում․ Ռոբերտ Քոչարյան



Անհապաղ փոփոխություններ են անհրաժեշտ ազգն ու պետականությունը պահպանելու համար։ Այդպես է կարծում ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ընդգծում` հենց այդ պատճառով է վերադարձել մեծ քաղաքականություն։ Նա բացառիկ հարցազրույց է տվել Sputnik Արմենիային։


Հայաստանը պետք է ընդարձակի համագործակցությունը Ռուսաստանի հետ

-Պարո՛ն Քոչարյան, Ղարաբաղի խնդիրները սկսվել են Խորհրդային Միության փլուզմանը զուգահեռ։ Ըստ Ձեզ՝ ԽՍՀՄ-ի փլուզումը 20-րդ դարի ամենախոշոր աշխարհաքաղաքական աղե՞տն է։

-Ռուսաստանի նախագահը շատ լավ էր արտահայտվել այդ թեմայով. ոմանք սիրտ չունեն, ոմանք՝ բանականություն։ Բայց արդեն շատ ժամանակ է անցել։ Հիմա ավելի լավ է խոսել ոչ թե Խորհրդային Միության վերականգնման, այլ լիարժեք ժամանակակից ինտեգրացիայի մասին։ Այդ համատեքստում աշխարհը բազմաթիվ օրինակներ է տալիս։

Եվրասիական Միության ինտեգրացիան շատ ավելի խորն է, հետաքրքիր և ընդարձակ, քան ինտեգրացիան ԱՊՀ-ի շրջանակներում, որը շատ ու շատ պայմանական է։ Գլոբալ գործընթացները փոխարինվում են ինչ-ինչ տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներով։ Եվ այդ առումով, կարծում եմ, Հայաստանը պետք է շատ լրջորեն մտածի Ռուսաստանի հետ առավել խորը փոխգործակցության մասին, շատ ավելի խորը, քան հիմա է անում։

-Դուք պատրաստավո՞ւմ եք վերադառնալ մեծ քաղաքականություն։

-Ես վերադարձել եմ մեծ քաղաքականություն։ Ես որոշ ժամանակ բացակայել եմ այնտեղից, բայց վերջին երկու-երեք տարին կրկին այստեղ եմ։ Մենք հիմա կանխատեսելի, հասկանալի և ուժեղ անհատների մեծ պահանջարկ ենք զգում։ Դա զգացվում է նաև սոցիալական ցանցերում։ Այդ աստիճանը դժվար է չափել, բայց ես հասկանում եմ, որ եթե ընտրություններ լինեն, ապա դրանք, ամենայն հավանականությամբ, երկբևեռ կդառնան։

- Գործող իշխանությունն ընդդեմ արմատական ընդդիմությա՞ն։

-Կարծում եմ՝ ոչ պարզապես արմատական ընդդիմություն։ Դա ընտրություն կլինի իշխանության և նրա հակոտնյաների միջև։ Մարդիկ ճաշակել են պոպուլզմի պտուղները, ճաշակել են գունավոր հեղափոխությունների և անփորձ մարդկանց աշխատանքի արդյունքները։ ճոճանակը շարժվել է հակառակ ուղղությամբ, և հիմա միանգամայն այլ կերպարների, միանգամայն այլ թիմերի կարիք կա՝ պրոֆեսիոնալ ղեկավարների թիմի, կամք ունեցող մարդկանց, որոնք ունակ են ասել ճշմարտությունը` նայելով իրենց ընդդիմախոսների աչքերին։ Եվ Հայաստանում այդպիսի թիմ կա։

Իմ օրոք պատերազմ չէր սկսվի

-Բայց Հայաստանը հիմա խորհրդարանական հանրապետություն է։ Նախագահի պաշտոնն արդեն այն չէ, ինչ ձեր ժամանակ էր։ Պե՞տք է սպասել Ձեր վերադարձին վարչապետության տեսանկյունից։

-Ես նախընտրում եմ նախագահական հանրապետությունը-կիսանախագահական հանրապետությունը, ինչպիսին ունեինք առաջ։ Չեմ կարծում, որ անցումը խորհրդարանական հանրապետության` ժամանակին ճիշտ որոշում է եղել։

Կարծում եմ` պատերազմը նույնպես ցույց տվեց, որ այնուամենայնիվ կառավարման կիսանախագահական համակարգն ավելի լավ է հավասարակշռում քաղաքական ուժերի շահերը։ Այսօր խորհրդարանական մեծամասնության իշխանությունը որևէ բանով սահմանափակված չէ։ Հայաստանի ոչ մի նախագահ այնպիսի իշխանություն չի ունեցել, ինչպիսին այսօր ունի վարչապետը։

Եթե նրա կոալիցիան այդպիսի մեծամասնություն չունենար խորհրդարանում, բոլորովին այլ իրավիճակ կլիներ։ Անհրաժեշտություն կլիներ համաձայնեցնել մյուս կուսակցությունների հետ։ Բայց վարչապետը բացարձակ իշխանություն ստացավ։ Նախագահը երկար ժամանակ չէր կարողանում գոնե բարձրաձայնել խնդիրները, ուշադրություն հրավիրել դրանց վրա։ Միայն վերջերս նախագահի ինստիտուտը սկսեց կյանքի ինչ-որ նշաններ ցուցաբերել։

-Եթե ենթադրենք, որ 2020թ․–ի աշնանը դուք լինեիք Հայաստանի ղեկավարը, դուք Ղարաբաղի հարցում կկրկնեիք նույն քայլերը, որոնք արել եք 1990-ականների՞ն, թե՞ նոր վեկտոր կընտրեիք։

-Այսինքն, եթե պատերա՞զմ սկսվեր։

-Այո։

-Դե, նախևառաջ ես վստահ եմ, որ պատերազմ չէր սկսվի։ Այսպիսի պատերազմը սկսվում է միայն այն ժամանակ, երբ հակառակորդը վստահ է, որ հաղթանակի հավանականությունը մեծ է։ Սա այն դեպքը չէ, երբ սահմանամերձ լարվածությունը վերաճում է պատերազմի։ Սա ծրագրված տեղեկատվական հարձակում էր, մարտական գործողությունների մեկնարկ, և ակնհայտ է, որ այդ ամենը բավական երկար ժամանակ էր նախապատրաստվել։ Այսինքն ես պարզապես վստահ եմ, որ պատերազմ չէր լինի։ Իսկ եթե լիներ, ապա կլիներ տոտալ մոբիլիզացիա և ռեսուրսների այն աստիճան կենտրոնացում, որ թշնամին ուղղակի կկանգնեցվեր։ Անկասկած։

Պարտությունն օրինաչափ է, եթե հետաքրքրում են միայն Facebook–ի լայքերը

-Ձեր կարծիքով ի՞նչը որոշեց պատերազմի ելքը։

-Մի ամբողջ շարք սխալ որոշումները։ Դրանք պետք է բաժանել երկու փուլի․ բոլոր սխալները, որոնք արվել են պատերազմից առաջ և այն, ինչ արվել է պատերազմի ընթացքում։ Լիակատար ձախողումներ են եղել դիվանագիտական պայքարում. բանակցությունները փակուղի էին մտել, դիվանագիտության համար տեղ չկար։ Բայց դա փողոցից մարդկանց իշխանության գալու օրինաչափ հետևանքն է՝ քաղաքական փորձ, աշխարհաքաղաքական իրողությունների մասին պատկերացում չունեցող մարդկանց։ Մարդկանց, որոնք ապրում են այսօրվա օրով, որոնց գլխավոր հոգսը Facebook–ում լայքերի քանակն է։

Նրանց համար վիրտուալ իրականությունն ու սոցիալական ցանցերն են հայրենիքը։ Դա նրանց բնակության միջավայրն է և շատ պայմանական կապ ունի երկրի հետ, որն ունի սահմաններ, և որոնք պետք է պաշտպանել։ Դրա համար հարկավոր է հասկանալ և ամրացնել անվտանգության ոլորտը, դիվանագիտական ջանքեր են անհրաժեշտ ինչ-որ սպառնալիքներ չեզոքացնելու, դրանք զգալու համար։ Բայց մարդիկ միանգամայն այլ բանով էին զբաղված։ Նրանք վիրտուալ իրականության մեջ էին ապրում, և այսօր ժողովուրդը սարսափելի բարձր գին է վճարում նման ընտրության համար։

Այս ամենը կարելի է որակել որպես հետևոաղական գործողություններ, որոնք հանգեցրին նախածրագրված պարտության։ Եվ այդպես է մտածում Հայաստանի բնակչության զգալի մասը։

-Եվս մի պահ կար, որը ոչ ոք չհասկացավ։ Ղարաբաղի տարածքում վերջին ռազմական արշավները ցույց էին տալիս եթե ոչ առավելություն, ապա առնվազն հավասարություն տեղեկատվական դաշտում։ Ինչո՞ւ էին այս անգամ մարդիկ ապատեղեկացված։

-44 օր մարդկանց խաբել են, թե մենք հաղթում ենք։ Մինչև վերջին օրը գիտակցություն չկար, որ մենք պարտվում ենք, որ մենք բազմաթիվ զոհեր ունենք, սպանվածներ, վիրավորներ, որ մենք Հայրենիք ենք կորցնում։ Եթե մարդիկ իմանային այդ մասին, դա նրանց կմոբիլիզացներ։ Իսկ ի՞նչ է մոբիլիզացիան։ Դա առաջին հերթին բոլոր ռեսուրսների կենտրոնացումն է։ Բայց անգամ մարդկանց մոբիլիզացիայի պլանը կիսով չափ կատարվեց՝ այն ծրագրով, որը Հայաստանում կար դեռ նախորդ իշխանությունների ժամանակից․ օր առաջին, օր երկրորդ, օր երրորդ։ Քանի մարդ, որ զինվորական ստորաբաժանումներով պետք է գնա համալրման, ինչ է հարկավոր մարդկային կորուստների փոխհատուցման և նյութական կորուստների փոխհատուցման համար։

Բայց բացարձակապես ամեն ինչ ձախողեցին։ Փայլուն կերպով էր իրականացվում միայն տեղեկատվությունը բնակչությունից թաքցնելը։ Իսկ մենք 30 տարվա ընթացքում տեղում կանգնած չէինք, ամրապնդել էինք առաջնագիծը և բանակը մշտապես համալրվում էր մարտական տեխնիկայով։

-Սակայն նոր իշխանությունները կրճատեցին ռազմական բյուջեն․․․

-Նոր իշխանություններն առհասարակ փոխեցին մոտեցումը ռազմական շինարարությունը։ Այսինքն, ինչո՞ւմն է խնդիրը։ Նոր իշխանությունն ինչ-որ պաթոլոգիական վախ ունի բանակից։ Նրանք իրենք բանակում չեն ծառայել և բանակին մեծ անվստահությամբ էին վերաբերվում։

Ես այդ բանակը ստեղծողներից մեկն եմ։ Հեղափոխությունից հետո նոր իշխանությունների առաջնային խնդիրն էր նսեմացնել բանակի դերը հանրության մեջ, իսկ պատերազմող երկրում այն միշտ պետք է այլ մակարդակի վրա լինի։ Գեներալիտետի և պատերազմի հերոսների վարկաբեկման արշավ սկսվեց։ Սկսեցին ազատվել մարտական սպաներից, որոնք առաջին և երկրորդ պատերազմների փորձն ունեին։ Նրանց փոխարեն բերեցին իշխանությանը հավատարիմ մարդկանց։ Անվտանգության առաջնահերթությունը փոխարինեցին հավատարմության առաջնահերթությամբ։ Հենց դա էր տեղի ունենում բառացիորեն 2018 թվականից։

Բայց ի՞նչ սպասել, եթե խորհրդարանական մեծամասնության անդամները համաձայնում են այն մտքի հետ, որ իրենք վարչապետի ուսապարկերն են։ Եվ դա բառացիորեն իշխող կուսակցության մամուլի քարտուղարի արտահայտությունն է՝ որ վարչապետի ուսապարկը ընտրվելու նույն շանսերը կունենար, ինչ և իշխող կուսակցության բոլոր անդամները։ Ուստի տեղի ունեցածն իշխող խմբակցության սխալն է, սակայն գերիշխող դերը խաղում է վարչապետը։


 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ