Վազգեն Մանուկյանն այսօր կրթության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հետ քննարկել է համակարգի խնդիրներն ու տեսլականը: Այս մասին տեղեկանում ենք Հայրենիքի փրկության շարժամ էջից։
Քննարկման մասնակիցները կրթության ոլորտում մեծ փորձառություն և ներդրում ունեցող գիտնականներ ու փորձագետներ են, ոլորտի պետական գերատեսչության նախկին ղեկավարներ, հեղինակավոր դպրոցների տնօրեններ:
Վերջիններս մտահոգություն են հայտնել կրթական համակարգի ընդհանուր վիճակի, կրթության նկատմամբ պետական ոչ համարժեք քաղաքականության, վերջին տարիներին հանրակրթական ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների միտումների վերաբերյալ:
Մանուկյանն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանի ապագան տեսնում է երկու ուղղությունների զարգացման հիմքում՝ բանակ և կրթություն: Ըստ նրա՝ հզոր և բարեկեցիկ երկրի գրավականը ուժեղ բանակն է և կրթությունը՝ ազգային ու համամարդկային արժեքների ճիշտ համադրության, բնական գիտությունների և առաջատար տեխնոլոգիաների վրա հիմնված կրթական համակարգով: «Այս երկու խնդիրներն առաջնահերթ պետք է դառնան Հայաստանի ցանկացած իշխանության համար»,-նշել է նա:
Մասնակիցները քննարկել են կրթության ոլորտի խնդիրների բավականին լայն շրջանակ, որն առնչվել է կրթության գաղափարախոսությանը, կառավարման մոդելին, 12-ամյա կրթական համակարգին, կրթության մեջ ազգային բաղադրիչի դերին, կրթական նոր չափորոշիչներին, հայագիտական առարկաները կրթական ծրագրերում նվազեցնելու խնդիրներին, այս օրերին ակտիվորեն քննարվող գնահատման համակարգի փոփոխություններին և այլ հարցերի:
Վազգեն Մանուկյանն առաջարկել է համատեղ ջանքերով ձևավորել Հայաստանի կրթական համակարգի տեսլականը, հնարավոր բոլոր հարթակներում ակտիվորեն քննարկումներ ծավալել վերոնշյալ հարցերի շուրջ և փորձել ազդեցություն ունենալ կրթական ոլորտում որոշումների կայացման վրա թե՛ այսօր և թե՛ ապագայում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը