Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի եւ ուժի կիրառման արդյունքները կարող են հիմք ստեղծել տեւական խաղաղության համար կամ դիտարկվել որպես տարածաշրջանային համագործակցության հնարավորություն: Այս մասին այսօր՝ հունվարի 27–ին, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը։
«Այժմ մեր տարածաշրջանն առերեսվում է նոր լրջագույն մարտահրավերների, որոնք ստեղծվել են ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու Ադրբեջանի վտանգավոր փորձի արդյունքում: Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի եւ ուժի կիրառման արդյունքները կարող են հիմք ստեղծել տեւական խաղաղության համար կամ դիտարկվել որպես տարածաշրջանային համագործակցության հնարավորություն:
Իրանը տարածաշրջանում կարեւոր երկիր է, եւ մենք հարգում ենք Իրանի մոտեցումները, որով նա կառուցում է իր հարաբերություններն անմիջական հարեւանների հետ: Այնուհանդերձ, կուզենայինք մեկ անգամ եւս շեշտել, որ միայն հարատեւ եւ բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը, որտեղ չկան «հաղթողներ եւ պարտվողներ», այսպես կոչված, «հաղթանակներ կամ պարտություններ», կարող է իրական երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում անվտանգության, կայունության եւ զարգացման առաջմղման համար»,– նշել է Արա Այվազյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ մեկնարկել էր ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի եւ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի առանձնազրույցը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը