13 01 2021

ՀՔԾ քննիչներին 2020 թ տրվել է ավելի քան 250 հազար դոլարի պարգևատրում․«Փաստինֆո»

ՀՔԾ քննիչներին 2020 թ տրվել է ավելի քան 250 հազար դոլարի պարգևատրում․«Փաստինֆո»

Փաստինֆո-ն գրում է․ «Կորոնավիրուսի ու պատերազմի հետեւանքով սոցիալ-տնտեսական ճգնաժամում հայտնված Հայաստանում, որն անգամ բյուջետային վարկ է վերցրել միջազգային արժութային հիմնադրամից իր բյուջետային պարտավորությունները կատարելու համար՝ պարգեւատրումներ են տրվել գրեթե բոլոր իրավապահ մարմիններին։ Միայն դեկտեմբեր ամսին ՀՔԾ-ում բաժանվել է շուրջ 36 հազար դոլարի, իսկ ամբողջ տարվա ընթացքում 250 հազար դոլարի պարգեւավճար։ Նկատենք, որ ՀՔԾ-ն տարածքային ստորաբաժանումներ չունի. Քննիչներ ունի միայն Երեւանում։

Այսպիսով, «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՔԾ-ից հայտնել են, որ պարգևավճարների չափը՝ ներառյալ հարկերը, դեկտեմբեր ամսվա համար կազմել է 19 մլն ՀՀ դրամ, որը հավասարաչափ բաշխվել է բոլոր աշխատակիցներին՝ յուրաքանչյուրի աշխատավարձի համամասնությամբ։ Ընդհանուր առմամբ՝ 2020թ ընթացքում ՀՀ ՀՔԾ աշխատակիցներին, այդ թվում՝ քննիչներին տրվել է 135.8 մլն ՀՀ դրամի պարգևավճար։ Ստացվում է՝ 2020թ ընթացքում ՀՔԾ աշխատակիցներին տրվել է 258,666.6 ԱՄՆ դոլարի պարգևավճար։

«Փաստինֆո»-ն հետաքրքրվել էր նաև, թե ՀՀ ՀՔԾ պետը, նրա տեղակալները, ստորաբաժանումների ղեկավարները դեկտեմբեր ամսին պարգևավճար ստացել են, թե ոչ և որքան է կազմել այն։ Այս հարցի վերաբերյալ ՀՔԾ-ից հայտնել են, որ նշված պաշտոնատար անձանցից որևէ մեկը համաձայնություն չի հայտնել իր պարգևավճարի չափի մասին տվյալներ հրապարակելու վերաբերյալ։ Ըստ էության՝ ՀՔԾ-ն չի հերքել, որ նշված պաշտոնատար անձինք դեկտեմբեր ամսին ստացել են պարգևավճարներ՝ հրաժարվելով նշել պարգևավճարների չափը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ