Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրում է․
«Ն. Փաշինյանի հունվարի 11-ի մոսկովյան այցի օրակարգը հերթական անգամ ընդգծում է հայկական կողմի ողբերգական եւ անտեր կարգավիճակը։
«Հայկական կողմը նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարությամբ սահմանված ժամկետներում հանձնեց ինչպես այդ փաստաթղթով նախատեսված տարածքները (Աղդամ, Լաչին, Քարվաճառ), այնպես էլ՝ անգամ դրանում չնախատեսված տարածքներ (Կապանի և Գորիսի բարձունքները, Կապան - Գորիս ճանապարհի մի մասը, Շուռնուխի մի հատվածը)։
Սակայն չկարողացավ կյանքի կոչել այդ հակահայկական փաստաթղթի միակ հայամետ կետը, այն է՝ տարածքները հանձնելուն հետ միաժամանակ օպերատիվ կազմակերպել գերիների վերադարձը և անհետ կորածների ճակատագրերը պարզելուն ուղղված գործողությունները։
Անընդունելի է նաև, որ վերջին օրերին տնտեսական ապաշրջափակման շուրջ բանակցություններ սկսելու նախապայման է դիտվում գերիներ հարցով էական առաջընթացը, այլ ոչ թե բոլոր գերիների անխտիր և անհապաղ վերադարձը։
Արդյո՞ք պատերազմի ավարտից երկու ամիս անց թշնամու կողմից դեռևս պահվող հարյուրավոր գերիներից օրինակ՝ շուրջ 50-ի վերադարձը կարող է համարվել էական առաջընթաց։ Այն դեպքում, երբ մեր եղբայրներն ու քույրերը վաղուց պետք է վերադարձած լինեին հայրենիք՝ ըստ վերոնշյալ հայտարարության։
Միաժամանակ, իրենց հարող արբանյակներով շրջանառում են թուրքերի հետ համագործակցության հետևանքով սպասվող տնտեսական օգուտների մասին հորինվածքները։
Արդյո՞ք որևէ գործարար կհամաձայնվի օգտվել Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան, կամ Երևանից Նախիջևանի միջոցով դեպի Սյունիք, կամ դեպի Իրան բացվող ճանապարհային կոմունիկացիոներից, այն դեպքում, երբ անգամ Վրաստանի ադրբեջանցիներով բնակեցված Մառնեուլիում արդեն հարձակվում են հայ վարորդների վրա, ինչի հետևանքով խորհուրդ է տրվում Բագրատեշենի փոխարեն օգտվել Բավրայի մաքսակետից։
Փոխարենը, Մեղրու տարածքով Ադրբեջանին և Թուրքիային ճանապարհի տրամադրումը՝ հանդիսանում է պանթուրքիզմի դարավոր երազանքներից մեկը, որն իրագործան շեմին է։
Հիրավի ճիշտ է Սուրբ աթոռում մեր նախկին դեսպան Միքայել Մինասյանի այն միտքը, որ հունվարի 11-ի հանդիպումը բխում է՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքայի, Նիկոլի, բայց ոչ որեւէ կերպ Հայաստանի և հայերիս շահերից»,-գրել է Մելոյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը