ArmDaily-ն գրում է․ ««Դեժավյու» տելեգրամյան ալիքին վկայակոչելով՝ հայկական լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը ֆինանսավորելու է Freenews լրատվական կայքը:
Մասնավորապես նշվում էր, որ կայքը ղեկավարվում է ՀՀ Ազգային Ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կնոջ կողմից ու կայքը վարելու է ընդգծված հակառուսական քաղաքականություն: Հիշատակվել էր նաև տեղեկատվություն՝ ըստ որի Վիլեն Շատվորյանի մուտքը Ռուսաստան արգելված է:
ArmDaily.am-ի հետ զրույցում ուկրաինահայ քաղաքագետ Մարատ Հակոբյանն ասաց, որ Վիլեն Շատվորյանն իր հետ զրույցում տեղեկացրել է, որ Ալեն Սիմոնյանին անձամբ չի ճանաչում և երբևիցէ որևէ շփում նրա հետ չի ունեցել: «Վիլեն Շատվորյանի հետ անձամբ եմ զրուցել: Նա ասաց, որ Ալեն Սիմոնյանին չի ճանաչում ու ոչ մի կայքի ֆինանսավորում իր կողմից չի պլանավորվում: Ավելին, նրա մուտքը Ռուսաստան արգելված չի եղել ու չէ ու նա երբեք հակառուսական գործունեություն չի վարել»,-Շատվորյանի խոսքերը մեզ փոխանցեց Մարատ Հակոբյանը: Ուկրաինահայ քաղաքագետը հավելեց նաև, որ իրենց համար դեռևս անհասկանալի է, թե ովքեր կարող էին նման ապատեղեկատվություն տարածել ու ինչ նպատակներ են հետապնդում նրանք:
«Հավելեմ, որ Վիլեն Շատվորյանը եղել է Յանուկովիչի «Պարտիա Ռեգիոնով» կուսակցության անդամ՝ դա արդեն բավարար է հասկանալու համար, որ Շատվորյանը հակառուսական գործունեությամբ չէր կարող զբաղվել: Բացի այդ, նա այն մարդն է, ով կարողացավ միավորել Ուկրաինայի հայկական համայնքը, որը չորրորդն է աշխարհում իր մեծությամբ: Հայ համայնքի միավորման մեջ նման մեծ ավանդ ունեցող մարդու մասին չարժի ապատեղեկատվություն տարածել»,- ասաց Մարատ Հակոբյանը: Վիլեն Շատվորյանը փոխանցեց նաև, որ եթե որոշի ԶԼՄ ձեռքբերել, ապա դրա ուղղվածությունը ոչ միայն հակառուսական չի լինի, այլև ոչ մի երկրի դեմ ուղղված չի լինի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը