15 12 2020

Արցախի Հին թաղեր գյուղի համար մարտերի ընթացքում 17 հայ զինծառայող անհետ կորել է. համայնքապետ․ Tert.am

Արցախի Հին թաղեր գյուղի համար մարտերի ընթացքում 17 հայ զինծառայող անհետ կորել է. համայնքապետ․ Tert.am

Tert.am-ը գրում է․Արցախի Հադրութի շրջանի Հին թաղեր գյուղի համար երկու օր տեղի ունեցած մարտերի ընթացքում ադրբեջանական կողմը 9 հայ զինծառայող է գերի վերցրել. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հին թաղերի համայնքապետ Էդուարդ Այվազյանը:

 

Նա նշեց, որ համայնքը պաշտպանող այդ ջոկատի տղաներին չի ճանաչում, տարբեր տեղերից էին, բայց Էջմիածնից էլ կան: «Ես 9 հոգու մասին եմ խոսում, բայց 17 հոգի են պակաս տղերքից, ինձ զանգեցին տեղեկացրեցին, 9 հոգին գիտեմ հաստատ գերի են, մյուսները թե զոհվել են, ինչ-որ մի տեղ կորել են, չգիտեմ, նրանց ճակատագիրն անհայտ է»,- ասաց համայնքապետը:

Այսօր դեռ առավոտյան Էդուարդ Այվազյանը Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ Հին թաղերը վերջնականապես անցել են ադրբեջանական տիրապետության տակ:

 

Դիտարկմանը՝ երեկ քարտեզ հրապարակվեց, թե ռուսական խաղաղապահների վերրահսկողության տակ է համայնքը, նա արձագանքեց. «Ինչ ասում են, ստում են, էս պատերազմը ոնց որ ստով տանուլ տվեցին, այնպես էլ հիմա են ստում»:

Խծաբերդ համայնքի ղեկավար Ալեքսանդր Ավանեսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, թե չի կարողացել կապ հաստատել և ճշտել՝ արդյոք իրենց գյուղի համար պայքարում էլ են գերիներ վերցվել:

Նշենք, որ ադրբեջանական կողմը լուրեր է տարածում, թե երեք օր առաջ ևս 100 գերի են վերցրել:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը՝ բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:

Նշենք, որ ռուսական կողմը քարտեզի փոփոխություն է կատարել և Հին Թաղեր ու Խծաբերդ համայքները հանվել են իր պաշտպանության գոտուց: Ի դեպ, այս երկու համայնքների վերաբերյալ Նիկոլ Փաշինյաննն անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ասել էր. «Կապված Հին Թաղեր, Խծաբերդ հատվածի հետ, ուզում եմ ասել նաև, որ ի սկզբանե եղել են որոշակի հակասություններ իրադրության գնահատման շուրջ այն առումով, թե նոյեմբերի 9-ի դրությամբ ով որտեղ է գտնվել: Սա, իհարկե, գուցե ոչ հետաքրքիր, բայց կարևոր նրբություն է, որովհետև նաև սա կապ ունի իրադրության հետ, որովհետև կան տարբեր վարկածներ, տարբեր մեղադրանքներ, թե ով ամսի 9-ի դրությամբ որտեղ է գտնվել և ամսի 9-ից հետո որտեղ է հայտնվել: Մենք, Պաշտպանության բանակը վստահ ենք մեր դիրքորոշումների և ճշմարտացիության վրա և իհարկե հետևողականորեն կաշխատենք նաև դա մեր միջազգային գործընկերներին ցույց տալու և իրադրությունը մեր ունեցած փաստարկների շրջանակում կառավարելու համար»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ