«2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի կողմից պատերազմը դադարեցնելու մասին ստորագրած հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան պարտվողական եւ նվաստացուցիչ մի փաստաթուղթ, որը ոչ միայն մեծագույն հանցագործություն է հայրենիքի եւ ողջ հայ ազգի շահերի, իղձերի եւ նպատակների նկատմամբ, այլ, նաեւ, միանշանկորեն վտանգում եւ ոտնահարում է հայ ժողովրդի ներկա և գալիք սերունդների անկախ, անվտանգ եւ զարգացող երկրում ապրելու, եւ արժանապատիւ ապագա կառուցելու բացարձակ իրավունքը։
Հայաստանի եւ Արցախի ամբողջական անձնատվության (կապիտուլյացիայի) մասին դատապարտելի եւ անընդունելի այս փաստաթուղթն առաջացրել է հայ ժողովրդի ընդվզումն ու ցասումը, որի արդարացի պահանջը, կացությունը փրկելու նպատակով Նիկոլ Փաշինյանի անցնցում հեռացումն է։
Համաժողովրդական ընդվզման ֆոնին, պատասխանատւութիւնից խուսափելու, սեփական իշխանությունը երկարաձգելու եւ բռնի միջոցներով համաժողովրդական ընդվզումը լռեցնելու նպատակով, իշխող վարչախումբը սկսել է ձերբակալել ընդդիմադիր կուսակցություունների ղեկավարներին եւ այլ հանրային գործիչներին։
Խստորեն դատապարտելով հակաօրինական ձերբակալությունները, վստահեցնում ենք, որ նման արարքներով անհնար է զսպել համաժողովրդական բողոքի եւ ցասման արդար ալիքը։
Միեւնույն ժամանակ, կենսական ենք համարում, եռակողմ հայտարարությամբ նախատեսված քայլերի իրականացման շուրջ եւ առհասարակ Արցախի հիմնահարցի կարգավորման հաջորդ փուլերի բանակցություններին՝ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների, ընդհանրապես հայ ժողովրդի շահերը արժանավոր կերպով պաշտպանելու հնարավորություն ստեղծելու համար՝ վարչապետ Փաշինյանի հրաժարականը այդ պաշտոնից։
Վարչապետի հրաժարականը կվկայի այն մասին, որ նա իր անձնական քաղաքական փառասիրությունը կստորադասի ազգային-պետական շահին։ Եթե իսկապես վարչապետը եռակողմ հայտարարությունը ստորագրել է Հայրենիքի մնացորդացի փրկության նպատակով, նոյն տրամաբանությամբ նա պիտի հեռանա իր պաշտոնից՝ հնարավորություն տալով քաղաքական դաշտին միավորելու ազգային ամբողջ ներուժը եւ դուրս գալու այս իրավիճակից։ Զգուշացնում ենք վարչապետին՝ իր բռնություններով, հալածանքներով եւ սադրանքներով երկիրը չտանի ապակայունացման։ Կոչ ենք անում մեր ժողովրդին լինել զգոն եւ չտրվել սադրանքների։
Առնվազն ինքը՝ վարչապետը, շատ լավ գիտի Հ.Յ.Դաշնակցության անսակարկ ու անմնացորդ նուիրումը հայրենիքին, պատերազմի առաջին իսկ ժամերից հենց իրեն՝ վարչապետին հայտնած մեր պատրաստակամությունը՝ մեր միջև բոլոր տարաձայնութիւնները դեն դնելու և Հայոց բանակին զինվորագրվելու Դաշնակցութեան ողջ կառոյցի հանձնառությունը և այդ պատրաստակամությունն ու հանձնառությունը հետագա օրերին ռազմաճակատում և թիկունքի ներքին ու արտաքին հարթակներում իրագործելու փաստը։ Պատերազմի ամբողջ ընթացքին տարբեր առիթներով այդ մասին հայտնել ենք վարչապետին։
Վերջապէս, դիմում ենք աշխարհացրիվ մեր երիտասարդության չվհատելու, չհիասթափվելու եւ չյուսահատելու. մեր ազգային շահերի պաշտպանության համար մեր հանձնառությունը ամբողջական է, եւ հարատեւ պայքարով, թեկուզ երբեմն անհաջող, ի վերջո կհասնենք մեր համազգային նպատակներին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը