09 11 2020

Ինչ հայտարարություն էլ որ լինի, դրա նպատակը ստեղծված իրավիճակից ելքեր գտնելն է․ Իշխան Սաղաթելյան․ News.am

Ինչ հայտարարություն էլ որ լինի, դրա նպատակը ստեղծված իրավիճակից ելքեր գտնելն է․ Իշխան Սաղաթելյան․ News.am

NEWS.am-ը գրում է

«Քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունները շարունակվում են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը` ընդգծելով, որ մամուլում տեղ գտած տեղեկությունները, թե իբր համաձայնություն չկա հարցերի շուրջ, իրականությանը չի համապատասխանում։

«Շատ դրական մթնոլորտում քննարկումները շարունակվում են։ Ստեղծված իրավիճակի գնահատականի հարցում գրեթե տարաձայնություն չկա։ Պատերազմի առաջին իսկ օրից ընդդիմադիր քաղաքական ուժերը բացառիկ կեցվածք և միասնականություն են ցուցաբերել»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը։

Քննարկումներին մասնակցում են ավելի վաղ համատեղ հայտարարությամբ հանդես եկած արտախորհրդարանական 16 կուսակցությունների ներկայացուցիչները։ Ըստ ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի՝ ակիվ քննարկումներ են ընթանում նաև նաև խորհրդարանական ընդդիմության՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների հետ, որոնք «քննարկվող նյութի մանրամասներին տեղյակ են»։

Քաղաքական ուժերը քննարկումների վերաբերյալ համատեղ հայտարարությամբ են հանդես գալու։ Թե երբ և ինչ բովանդակությամբ կլինի այդ հայտարարությունը, Իշխան Սաղաթելյանը ժամկետներ չի նշում, պատճառաբանելով՝ ինքը լիազորված չէ բոլոր կուսակցությունների անունից խոսել։ Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ օրեր շարունակ տեղի ունեցող քննարկումների վերաբերյալ հայտարարություն դեռ չկա, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն արձագանքում է․

«Քաղաքական պրոցես է, իրավիճակն էլ շատ նուրբ ու զգայուն է։ Ինչ հայտարարություն էլ որ լինի, դրա նպատակը ստեղծված իրավիճակից ելքեր գտնելն է»։

Իշխան Սաղաթելյանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչ նկատի ուներ, երբ ֆեյսբուքյան գրառման մեջ նշում էր, որ «Հայաստանի և Արցախի քաղաքական իշխանությունների ձեռնարկած գործողությունները ոչ միայն համարժեք չեն առաջացած մարտահրավերներին, այլ անհասկանալի են ու անբացատրելի... Հաղթանակ կերտած և հաղթող ժողովրդին այլ ճանապարհով տանելը չի ներվելու»։

«Ես ընդամենը կվերահաստատեմ իմ հայտարարությունը, դրա բացվածքը կանեմ ճիշտ ժամանակին, հիմա նպատակահարմար չեմ գտնում, կարծում եմ՝ հասկացողը հասկացել է՝ ինչի մասին է խոսքը»,- ի պատասխան ընդգծեց նա՝ հավելելով․

«Մենք պատերազմի մեջ ենք, բոլորիս ուշքն ու միտքը Արցախում, Շուշիում է։ Մեր յուրաքանչյուր քայլն ու գործողությունը մեկ նպատակ ունի՝ ապահովել միասնական հաղթանակ։ Իսկ Դաշնակցության ընդհանուր կեցվածքը հայտնի է բոլորին, մեր վաշտերը շարունակում են լինել առաջնագծում, շարունակվում է նոր ջոկատների տեղափոխումը Արցախ»»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ