Մոսկվա մեկնելու առաջարկը Ռոբերտ Քոչարյանին արվել է ԼՂՀ 2-րդ և 3-րդ Նախագահների կողմից։ Նախագահն ընդունել է այդ առաջարկի նպատակահարմարությունը, սակայն երկրից ելքը հայտնի պատճառով փակ էր նրա համար։ Վարչապետի հետ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի խոսակցությունից հետո դատարանը թույլատրեց Նախագահ Քոչարյանին մեկնել երկրից /մինչև նոյեմբերի 7-ը ելքի ժամկետի սահմանափակմամբ/ և նրան վերադարձվեց անձնագիրը։ Ռոբերտ Քոչարյանը մտադրված էր մոտակա օրերին մեկնել Մոսկվա և հանձնեց COVID թեստ, ինչը պարտադիր է Ռուսաստանի Դաշնություն մուտքի համար։
Թեստի պատասխանը դրական էր, ինչը լրիվ անսպասելի էր, քանի որ նա չուներ և մինչ այժմ էլ չունի հիվանդության որևէ ախտանիշ։ Ցավոք, ստեղծված իրավիճակում մեկնումը Մոսկվա և տարբեր հանդիպումների կազմակերպումը ժամանակավորապես անհնար է դարձել։ Այժմ Նախագահ Քոչարյանը գտնվում է ինքնամեկուսացման մեջ, սակայն անում է իրենից կախված ամեն ինչ, որպեսզի նպաստի Արցախում պատերազմի դադարեցմանը։ Այս մասին հայտնում է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը