Yerevan.Today-ի զրուցակիցը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն է:
Մոսկվան ԼՂ կարգավորման հարցում ՄԽ համանախագահողների ֆորմատում ստանձնել է մոդերատորի դերակատարում: Իրավիճակը ձեռքն առնելը ռուսակա՞ն ծրագիր է, թե՞ ԼՂ կարգավորումը ստանձնելով՝ պաշտոնական Մոսկվան համանախագահող դաշնակցի պարտավորության դիրքերից է հանդես գալիս:
Բնական է, որ Ռուսաստանն այս պահին խիստ ակտիվ գործողություններ է իրականացնում ՄԽ համանախագահների եռյակից, քանի որ ռազմական գործողությունները տեղի են ունենում իր անմիջական սահմանի հետ առնվազն 80 կմ հեռավորության վրա․ սա առաջին հերթին: Բացի այդ, ՌԴ-ն Սիրիայում ոչնչացնում էր ահաբեկիչներին, իսկ հիմա այդ ահաբեկիչները տեղակայված են իր պետական սահմանին շատ մոտ, ինչը բավականին լուրջ ռիսկեր է պարունակում ՌԴ-ի համար անվտանգության հարցերի տեսանյուկից: Սա, ի դեպ, ռուս քաղաքական վերլուծաբանները լայն ֆորմատով բավականին ինտեսնիվ քննարկում են տարբեր հեռուստաբանավեճերի ժամանակ և անհանգստություն են հայտնում առ այն, որ ահաբեկիչները հեշտությամբ կարող են տեղաշարժվել հյուսիս-կովկասյան սահմանում: Փաստացի, երկու օր առաջ Չեչնիայում արդեն իսկ ի հայտ են եկել ահաբեկիչներ, որոնք առնչություն են ունեցել Սիրիայի հետ: Այս առումով ՌԴ-ն, բնակաբանար, չի կարող նույն անհանգստությունն ունենալ, ինչն ԱՄՆ-ի դեպքում է, համանախագահողներից միակ երկիրն ԱՄՆ-ն է, որն այս պահին ունի բոլորովին այլ քաղաքականություն:
Հարավային Կովկասն այս պահին այնքան էլ չի գտնվում ԱՄՆ իշխանությունների հետաքրքրությունների տիրույթում, առավել ևս, որ նախագահ Թրամփը բոլորովին այլ քաղաքականություն է վարում. նա կողմնակից չէ ՌԴ սահմանակից պետությունների քաղաքականությանն ակտիվ միջամտելուն, նրա քաղաքականությունն ամերիկակենտրոն է, ի տարբերություն Ջո Բայդենի: Բացի այդ, ԱՄՆ-ն այս փուլում պասիվ դերակատար է, քանի որ իր ուժերը կենտրոնացրել է ներքին խնդիրների վրա։ ԱՄՆ վարչակազմի ուշադրությունը սևեռված է նախընտրական արշավներ, ընտրություններ կազմակերպելու գործընթացին: Եթե վերադառնանք Ֆրանսիայի դերակատարությանը, ապա Մակրոնը, ի տարբերություն ԱՄՆ նախագահի, անհամեմատ ակտիվ է և ինտենսիվ աշխատում էր կարգավորման ուղղությամբ: Բայց Ֆրանսիան չունի ՌԴ-ի ռազմական պոտենցիալը, որպեսզի ստիպի Թուրքիային հաշվի նստել մի քանի գործոնների հետ, մասնավորապես՝ ահաբեկիչների տեղափոխման հարցը, ագրեսիվ ռազմական գործողությունների չկատարումը և այլն:
Ուստի, այս բոլոր նկատառումներից ելնելով, պետք է նկատել, որ լրիվ պատճառաբանված է ՌԴ-ի ծայրաստիճան շահագրգռվածությունը տարածաշրջանում ակտիվ դերակատարության մասով:
Բայց նաև կարևոր է ընդգծել Հայստանի հետ ՌԴ-ի ՀԱՊԿ շրջանակներում դաշնակից լինելու հանգամանքը, իսկ Ադրբեջանի հետ ՌԴ-ն ունի բավականին հավասարակշվռված հարաբերություններ, ունի նորմալ տնտեսական-քաղաքական հարաբերություններ, ՌԴ-ում բավականին մեծ ադրբեջանական համայնք կա, որը բիզնես ներդրումներ է ապահովում ռուսական տնտեսության մեջ: Ուստի գործնականում ՀԱՊԿ-ԵԱՏՄ-Հայաստան դաշնակցային կապը, գումարած անմիջականորեն նույն անվտանգային շահը՝ ահաբեկիչների դեմ պայքարի տեսնկյունից, ընկալելի է դարձնում, թե ինչումն է ՌԴ-ի շահագրգռությունը ԼՂ կարգավորման դերը ստանձնելու հարցում: Ահա այն բոլոր գործոնները, որոնք գործելու առավելություն են տվել ՌԴ-ին՝ մյուս համանախագահողների նկատմամբ: Այսինքն՝ սա և՛ ռուսական ծրագիր է, և՛ համանախագահողի դիրքերից գործելու մոտիվացիա: Փաստենք, ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն էլ երեկ հայտարարեց, որ ինքը կողմ է Մոսկվայում կնքած հրադադարին և կողմերին կոչ է անում հետևել ՌԴ միջնորդությամբ ստորագրված քաղաքական պայմանագրի դրույթներին:
ՌԴ արտգործնախարար Լավրովը քիչ առաջ գաղտնազերծեց բանակցությունների սեղանին դրված պլանը, ըստ այդմ ԵԱՀԿ ՄԽ առաջարկը առաջին փուլում հինգ շրջաների ազատումն է, պլյուս խաղաղապահ զորքի տեղակայում, և ևս երկու շրջանի հանձնումը՝ թողնելով երկրորդ փուլին, ինչպես նաև երկրորդ փուլում թողնելով Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը․ սա նշանակում է, որ, փաստորեն, Արցախի կարգավիճակի հարցը դեռևս կողմերը պիտի քննարկեն, այսինքն՝ սա տարածքների դիմաց աներկբա չի խոստանում: Ո՞րն էր այստեղ ՀՀ գործող իշխանությանը շահեկան մասը, ո՞րն էր մեր ձեռքի խաղաքարտը՝ հարցի լուծում պարտադրելու դիրքերից:
Խաղաղապահների գործոնը լրիվ առանձին դետալ է ԼՂ կարգավորման գործընթացում: Ասվում է՝ խաղաղապահների տեղակայում, բայց դեռ քննարկման առանձին հարց է ՝ ինչ ժամկետներով 5 տարով, թե՞ 49 տարով, որտե՞ղ տեղակայել և ո՞ր կողմի վարչական տարածքում, այդ հինգ տարածքներո՞ւմ, որը ՄԽ կողմից առաջարկվում է ազատել, դրանց վարչական սահմանի՞ն, թե բուն շրջկենտրոնում ու զինտեխնիկայով հանդերձ, գուցե հենց դրանց ռազմաճակատային դիրքի վերածված սահմանի ողջ երկայնքով, թե՞ Ադրբեջանի տարածքում, ինչը ինքնին ենթադրում է ռազմական ներկայություն՝ Ադրբեջանում։ Նկատենք, Ռուսաստանը մինչ այս պահը չունի Ադրբեջանում ռազմաքաղաքական որևէ կառույցի տեսքով ներկայություն, այսինքն՝ այդպիսով նոր մարտահրավերի առաջ է կանգնում, քանի որ խաղաղապահների տեղակայումը ենթադրում է Մոսկվայի դիրքերի ամրապնդում Ադրբեջանում:
Ի՞նչ խոսք, ՌԴ-ի կողմից խիստ շահեկան է այս առաջարկը բայց նաև հայտնի չէ Ադրբեջանի մոտեցումն ու պայմանը, գուցե պահանջում է համատեղ ՆԱՏՕ-ի զորքե՞ր տեղակայել, ասենք, Թուրքիայից, Ղազախստանից, Լեհաստանից, ԱՄՆ-ից , Պակիստանից խաղաղապահներ, բայց սա էլ իր հերթին բախվում է Իրանական շահի հետ: Իրանը ոչ մի դեպքում թույլ չի տա իր սահմանային գոտով վերահսկողություն ՆԱՏՕ-ի զորքերի կողմից, սա մեծ ռիսկ է պարունակում իր մեջ, և նա թշնամաբար է վերաբերում ՆԱՏՕ-ական ցանկացած երկրի ուժի՝ լինի դա Լեհաստանը, թե Չեխիան: Այսինքն՝ խաղաղապահի հարցը միանշանակ լուծվող հարցերից չէ, մանավանդ, որ Իրանական դիրքորոշումը գուցե մեզ կանգնեցնի փակվող սահմանի առաջ ու Վրաստանի հույսին մնալու վտանգավոր դրություն լինի:
Այնպես որ, խաղաղապահի տեղակայումն ինքնին նոր ռազմաքաղաքական պլացդարմի ստեղծում է ենթադրում Կովկասի տարածաշրջանում, ինչն իր հերթին ենթադրում է ակտիվ գործողություններ՝ լավ կամ վատ, սա չէ էականը, բայց այն միանշանակ ունենալու է խիստ կարևոր գործառույթ ու բազմաթիվ գործոններից է կախված լինելու իրավիճակի վերահսկողությունը:
Ամեն դեպքում, մինչ խաղաղապահների տեղակայմանն անցնելը, փաստ է, որ մի շարք հարցեր պետք է լուծվեն կողմերի համաձայնությամբ:
Սերգեյ Լավրովն իր ելույթներից մեկում հայտարարում էր, որ այս բոլոր հարցերը միանգամից լուծել հնարավոր չէ, ռուս քաղաքագետները ևս նույն պնդումը տարբեր ենթատեքստերով ակնարկներ են անում: Ֆորսմաժորային հնարավորությունը կա՞ այս պահին, իրավիճակ փրկող այլ լուծումներ կա՞ն:
Այո, Հայաստանում ամեն ինչի հնարավորություններ կան, ոչինչ հենց այնպես պատահական չի լինում, ոչինչ չի հնչում պատահական:
ՌԴ նախագահը պատահական չի կանգնում և հայտարարում, որ Հայաստանը մեր դաշնակիցն է, և Հայաստանի վրա հարձակումը նշանակում է հարձակում ՌԴ-ի վրա: Նա ընդգծեց, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում ՌԴ-ն կկատարի իր պարտավորություները, նման հայտարարությունները հենց այնպես չեն հնչում: Մոսկվայի հետ խաղ անել պետք չէ, մի գուցե Փարիզում ստորագրվող հրադադարի պայմանագիրը Թուրքիան այդքան հաշվի չառներ, բայց սա Մոսկվայում Պուտինի անմիջական ջանքերով ստորագրված քաղաքական պայմանագիր է, ուստի Թուրքիան այդքան հզոր չէ, որ կարողանա իրեն կամակորություն թույլ տալ, Ռուսաստանը դաժանաբար վրեժխնդիր կլինի:
Հիշենք, թե ինչպես Ռուսաստանը բնաջնջեց այն թուրքական բնակավայրերը, որտեղից արձակված կրակոցով խոցվել էր ռուսական ինքնաթիռը տարիներ առաջ:
Բայց Թուրքիան չի թուլացնում իր ճնշումները այսքանով հանդերձ, ի՞նչ սպասել Ադրբեջանի դեմ դրված նրա պահանջներից:
Այդ չթուլացող ճնշումները թերևս ֆասադային մասն են, Թուրքիան լավ է հասկանում որ չի կարող պահանջել Ադրբեջանից մինչև վերջ գնալ, այդ դեպքում ինքը գործ կունենա ՌԴ-ի բանակի հետ: Իրականում հակառակն է տեղի ունենում Թուրքիայի ներսում:
Եթե այս օրերին հետևելու լինեք Թուրքիայի ընդիմադիրների ու վերլուծաբանների մեսսիջներին, կհասկանաք որ փոխվել է մարտավարությունը: Այս ընթացքում PR արշավներ են կազմակերպում, թե հաղթանակած ենք պատերազմում և այսքանով շահեկան դիրքեր ենք զբաղեցնում միջազգային հարաբերությունների դաշտում, այսպիսի գործընթաց է սկսվել արդեն:
Դուք ասում եք Ադրբեջանը չի կարող շրջանցել Մոսկվայում ստորագրված հրադադարի պայմանագիրը, բայց անտեսեց ռեժիմի պահանջը: Եվ երեկ արդեն ՌԴ նախագահ Պուտինի հրահանգով ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն մտավ բանակցությունների դաշտ՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացում հանդիպում է նախատեսվել Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ: Սա նշանակում է ռուսական բանակը իր վրա վերցրեց հրադադարի քաղաքական փաստաթղթի իրականացու՞մը, այո՞, այդ դեպքում ինչ կարգավիճակով պարոն Բադալյան:
ԼՂ կարգավորման գործընթաց մտավ ռուսական բանակի նախարար Շոյգուն, այսինքն արենա մտավ ոչ թե ռուսական բանակը, այլև ռազմական ներուժը, որովհետև Ռուսաստանը վճռական է տրամադրված ու լավ է հասկանում, որ եթե այս համաձայնագիրը կյանքի չկոչվի, սա կնշանակի՝ Ռուսaստանը այլևս ազդեցություն չունի այս տարածաշրջանում, ու սա կտեսնեն բոլորը: Իսկ դա նշանակում է, եթե Ռուսաստանը այստեղ սայթաքեց, ուրեմն նույն հաջողությամբ նա կարող է սայթաքել Դոնեցկում, Լուգանսկում, Ղրիմի հարցում և մյուս բոլոր վեկտորեներում: Դրա համար էլ հստակ հայտարարվեց՝ եթե չեք լսում Լավրովին, ուրեմն կլսեք Շոյգուին: Մի գուցե արդեն հայկական կողմում հայտնվել են ռազմական տեխնիկայի նոր հնարավորություններ, որոնք ուղղակի կզրոյացնեն ադրբեջանական ու Թուրքական ռազմական հզորության ողջ արսենալը, սա հստակ մեսսիջ է:
Սյուիզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը