Ռազմական դրության ընթացքում կարգապահության պահպանումը, բացառապես պաշտոնական տեղեկատվական աղբյուներին հետևելը շատ կարևոր է, որովհետև թշնամին քնած չէ և ամեն ինչ անում է խուճապային տրամադրություններ առաջացնելու համար: Մենք չպեք է թույլ տանք, որ առանձին անհատներ ազգի միասնականությունը խաթարեն, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արկադի Խաչատրյանը և Գևորգ Գորգիսյանը առաջարկվող խստացումներն անտեղի որակեցին՝ նշելով, որ այս պահին ազգաբնակչությունը ավելի քան համախմբված է, և վարչական հավելյալ խստացումների գնալն ամենևին տեղին չէ:
ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ իր հերթին ասաց, որ խուճապից կարելի է խուսափել՝ միայն թափանցիկ տեղեկատվություն տարածելով:
«Իմ մտավախությունն այն է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու, ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու որոշումն ընդունելուց հետո մենք կարող ենք խնդիրներ ունենալ: Այս նախագծով մենք կասկածի տակ ենք դնում տեղեկատվությունը: Անգամ քննարկումը, կարծում եմ, պետք չէ», - ասաց նա:
Նախարարը շեշտեց, որ կառավարությունը չի պատրաստվում փոխել իր գործելաոճը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը