ՀՀ պետական պահպանության ծառայության պետն ու տեղակալները, որոնք զբաղեցնում են ոչ զինվորական ծառայության պաշտոն, իրավունք կունենան ֆիզիկական ուժ գործադրել, հատուկ միջոցներ և զենք կրել, պահել և կիրառել։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Համապատասխան փոփոխություններ կկատարվեն «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքներում։ Ի դեպ, ՊՊԾ–ն ընդգրկված է ՀՀ վարչապետին ենթակա մարմինների կազմում:
«Ծառայության հատուկ բնույթով ու առանձնահատկություններով պայմանավորված տեղի ունեցող պահպանական միջոցառումներին հաճախակի անմիջապես մասնակցում է անձամբ ՊՊԾ պետը, ինչպես նաև պետի տեղակալները,և այդ միջոցառումների ընթացքում վերջիններս, իրենց իրավասության սահմաններում, կազմակերպում և ղեկավարում են իրականացվող գործողությունները, անձնական օրինակով ենթակաների մոտ առաջացնում պատասխանատվության զգացում իրենց ծառայողական պարտականություններն առավել զգոն և բարեխղճորեն կատարելու նկատմամբ»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Օրենսդրական փոփոխություններով` ՊՊԾ ծառայողներին նաև իրավունք կվերապահվի պահպանական միջոցառումների իրականացման ժամանակ օգտագործել ֆիզիկական անձանց և կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցները։
Այս նախագծի ընդունումը համարվել է անհետաձգելի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը