РБК լրատվամիջոցը՝ հղում տալով Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնին, հայտնում է․ որ թուրքական մասնավոր ռազմական ընկերությունները Անկարայի աջակցությամբ Սիրիայում վարձկաններ են հավաքագրում՝ Ղարաբաղում հակամարտության գոտի ուղարկելու և Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար:
Կենտրոնը գրանցել է նվազագույնը 850 զինյալի տեղափոխում Ադրբեջան: Սեպտեմբերի 29-ին կենտրոնը հաղորդել է այն մասին, որ զինյալների թիվը կազմել է 320, սակայն 1 օրում հակամարտության գոտի է տեղափոխվել ևս 520 մարդ: Ադրբեջան ուղարկվելիս իրենց հիմնական առաջադրանքն առանձին հատվածների պահպանությունն է եղել, սակայն արդյունքում իրենց ներառել են ռազմական գործողություններում:
Կենտրոնը հաղորդում է, որ վարձկանների մեծ մասը սիրիական թուրքմեններ և Սիրիայի հյուսիսի թյուրքական բնակչության ներկայացուցիչներ են: Անկարային աջակցող արաբական խմբավորումները հրաժարվել են զինյալներ տրամադրել:
РБК-ն գրում է, որ կենտրոնը հաղորդում է նաև Սիրիայում հայկական սփյուռքից հակամարտության գոտի մարտիկների տեղափոխման մասին, սակայն չի հստակցվում, թե քանի հոգու մասին է խոսքը:
Հաղորդվում է, որ Լեռնային Ղարաբաղում մարտերի ընթացքում արդեն 3 վարձկան է սպանվել, որոնք կռվում էին Ադրբեջանի կողմից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը