29 09 2020

Թուրքիայի բարձրաստիճան զինվորականներն Ադրբեջանում են, որոշ ուժեր՝ Նախիջևանում․ Փաշինյան

Թուրքիայի բարձրաստիճան զինվորականներն Ադրբեջանում են, որոշ ուժեր՝ Նախիջևանում․ Փաշինյան

Թուրք բարձրաստիճան զինվորականներն Ադրբեջանում են եւ նույնիսկ մասնակցում են հակամարտության գոտում հանրապետության ստորաբաժանումների կառավարմանը: Այս մասին «Ռոսիա-1» հեռուստաալիքով հեռարձակվող «60 րոպե» ծրագրի եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանի ԶՈւ-ն այսօր ռմբակոծել է Հայաստանի գյուղերը, իսկ սեպտեմբերի 27-ին Արցախի խաղաղ բնակչությունը հարձակման է ենթարկվել ադրբեջանցի, այսօր էլ թուրք զինվորականների կողմից: Նրանք հրետանի եւ համազարկային կրակի համակարգ են կիրառել: Ցավոք, ունենք զոհեր ոչ միայն զինծառայողների, այլ նաեւ քաղաքացիական բնակչության շրջանում»,-ասաց նա:  

Փաշինյանն ընդգծել է, որ Թուրքիան ներգրավված է այս գործընթացում. «Թուրքիան փաստացի ներգրավված է այս գործընթացում: Ըստ մեր հավաստի տեղեկությունների՝ ռազմական հրամանատարներն ու բարձրաստիճան զինվորականները գտնվում են Ադրբեջանի հրամանատարական կետերում, իսկ տեղ-տեղ նույնիսկ ռազմական գործողություններ են ղեկավարում: Մեկ այլ կարեւոր հանգամանք՝ միջազգային մամուլում կան բազմաթիվ հրապարակումներ այն մասին, որ Թուրքիան վարձկաններ է հավաքագրում Սիրիայում եւ տեղափոխում է նրանց Ադրբեջան՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ ռազմական գործողություններին»:

Նրա խոսքերով, Հայաստանը տեղեկություններ ունի, որ թուրքական բանակի ստորաբաժանումները Նախիջեւանում են:

Փաշինյանը հայտարարեց, որ միջազգային հանրությունը պետք է դատապարտի Թուրքիայի գործողությունները Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակում եւ պահանջի, որ նա հեռանա Հարավային Կովկասից: «Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն դատապարտի Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն ու ագրեսիան, դատապարտի Թուրքիայի գործողությունները եւ պահանջի, որ Թուրքիան ընդհանրապես հեռանա տարածաշրջանից: Թուրքիան ղարաբաղյան հակամարտության մեջ ավելի լայն ներգրավվելու եւ Նախիջեւան զորքեր մտցնելու պատրվակ է փնտրում, չնայած մեր տեղեկություններով՝ այնտեղ արդեն կան թուրքական բանակի որոշ ստորաբաժանումներ»,- ասաց նա: 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ