zham.am-ը գրում է.
«Այն, որ Արայիկ Հարությունյանը իրոք ընտրվել է Արցախի նախագահի պաշտոնում փաստ է: Ավելին՝ նա դարձել է Արցախի լեգիտիմ ղեկավարը, քանզի այդ ընտրությունները անցել են թեժ մրցակցային մթնոլորտում: Օրինակ՝ Ադրբեջանում, Իլհամ Ալիևը երբեք նման ձևով նախագահի պաշտոնում չի ընտրվել: Այս ամենը փաստեր են, որոնք ցույց են տալիս, որ Արցախն իր հաստատվող դեմոկրատական ավանդույթներով մի կարգով ավելի բարձր վիճակում է գտնվում, քան Ադրբեջանը: Թվում էր՝ այս հանգամանքը հայկական կողմը պետք է օգտագործեր բոլոր հարթակներում, որտեղ հնարավոր է:
Մյուս կողմից լեգիտիմ կարգով ընտրվելու հանգամանքը չի ազատում ընտրված անձին այն պատասխանատվությունից, որի տակ նա հայտնվել է: Երբ Արայիկ Հարությունյանը հայտարարում է, որ «իր համար Արցախի անվտանգության հարցը ավելի կարևոր է, քան կարգավիճակի խնդիրը», գոնե հասկանո՞ւմ է, թե ինչ վնաս է հասցնում իր հայտարարությամբ Արցախի շահերին:
Երբ Հայաստանի և Արցախի ղեկավարները հայտարարում են, որ իրենց տեսակետները բոլոր հարցերում նույնակամ են, գիտակցու՞մ են արդյոք, որ իրենց այդ հայտարարությամբ խաչ են քաշում բոլոր տեսակի դիվանագիտական մանյովրներից, երբ դրա անհրաժեշտությունը առաջանա:
Վերջապես, երբ Արայիկ Հարությունյանը ցանկացած պահի փորձում է սիրաշահել Փաշինյանին, ապա գիտակցո՞ւմ է, որ իր այդ պահվածքով բացասական արձագանք է թողնում Հայաստանի հանրության մի զգալի մասի մոտ: Խոսքն իհարկե չի վերաբերվում նրան, որ Արցախի ղեկավարը պիտի դառնա Հայաստանի ղեկավարի քաղաքական հակառակորդը: Իհարկե` ոչ: Սակայն ամեն առիթ ցույց տալ, թե ինչ աստիճանի է Արցախի ղեկավարին դուր գալիս Հայաստանի ղեկավարը, որ նույնիսկ երազում է ուղիղ ենթարկվել նրան դա արդեն հիշեցնում է արևելյան տիպի անմակարդակ քծնանք, որտեղ կեղծավորության չափը այնքան մեծ է, որ թվում է, թե Հայաստանի ղեկավարին էլ պիտի դուր չգա: Համենայն դեպս վերջին 30 տարիների ընթացքում այդպիսի քաղաքական մշակույթ ձևավորված չի եղել: Մի՞թե Նոր Հայաստանը պիտի առաջ բերեր այս անամոթ մշակույթը, որը ավելի շատ բնորոշ է մահմեդական Ադրբեջանին, քան քրիստոնյա Հայաստանին:
Դրա մասին է, որ պիտի խորհի ոչ միայն Արայիկ Հարությունյանը, այլ նաև Նիկոլ Փաշինյանը:
Սա է իրականությունը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը