ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը, ով ավելի վաղ ներկայացրել է իր հրաժարականի դիմումը, պետական ծառայությունը կշարունակի Կառավարությունում։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։
Գրառման մեջ մասնավորապես ասված է․
«Սիրելի հայրենակիցներ,
Այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին դիմում եմ ներկայացրել օրենսդիր մարմնում գործունեությունս դադարեցնելու մասին՝ վայր եմ դնում պատգամավորական մանդատս:
Ուզում եմ նշել, որ իմ ցանկությամբ և քաղաքական թիմի համաձայնությամբ պետական ծառայությունս շարունակելու եմ գործադիրում:
Արդյունավետ համատեղ աշխատանքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել 7-րդ գումարման Ազգային Ժողովի բոլոր գործընկերներիս։ Բնականաբար առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում «Իմ քայլը» խմբակցությանն ընդհանուր նպատակների իրականացմանը միտված բովանդակային քննարկումների և կայացված որոշումների համար։ Վստահեցնում եմ, որ խմբակցությունը եղել ու շարունակելու է մնալ հեղափոխության արժեքները կրող, ՀՀ քաղաքացիների և մեր պետականության շահերին ծառայող ուժեղ ինստիտուտ:
Հատուկ շնորհակալություն բոլոր այն քաղաքացիներին, որոնց հետ այս ընթացքում համագործակցել եմ։ Հայցում եմ ինձ դիմած այն քաղաքացիների ներողամտությունը, որոնց բարձրացրած խնդիրների լուծումն ամբողջությամբ ավարտին չեմ հասցրել:
Շնորհակալություն»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Արմեն Փամբուխչյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը