04 11 2024

Ի՞նչ պայմաններում է փոխքաղաքապետի հորը 1,5 մլրդ դրամի վարկ տրվել. Aysor.am

Ի՞նչ պայմաններում է փոխքաղաքապետի հորը 1,5 մլրդ դրամի վարկ տրվել. Aysor.am

«Սիվիլնեթ» կայքում վերջերս հրապարակում եղավ, որ Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի 71-ամյա թոշակառու հայրը՝ Սոկրատ Փամբուխչյանը, «Ամերիաբանկից» ստացել է 1,5 մլրդ դրամի վարկ և 40 հեկտար հող է գնել։

Ըստ հրապարակման՝ տարեց թոշակառուին տրամադրվել է այն պատճառով, որ բեռնափոխադրմամբ  զբաղվող «Սպայկա» ընկերությունը բանկում հանդես է եկել որպես երաշխավոր։

«Ժողովուրդ» օրաթերթը ևս անդրադարձել է թեմային՝ «Պետությանը 17 մլն ԱՄՆ դոլարի վնաս տված «Սպայկան» փոխքաղաքապետի հոր երաշխավորն է բանկում» վերնագրով։

Թերթի փոխանցմամբ՝ «Սպայկայի» սեփականատեր Դավիթ Ղազարյանը հաճախ է հյուրընկալվում Արմեն Փամբուխչյանին՝ ինչպես Երևանի քաղաքապետարանում, այնպես էլ՝ տանը: Եվ ակնհայտ է, որ Ղազարյանի «քաղաքական տանիքը» ՔՊ-ականների հետ հարաբերություններում, պետական ատյանների հետ հարցերը կարգավորելիս ապահովում է հենց Արմեն Փամբուխչյանը:

Հրապարակման մեջ շեշտվում է, որ մինչ այս պահը ո՛չ իրավապահները, ո՛չ էլ կոռուցպիայի կանխարգելման հանձնաժողովը չեն արձագանքվել կատարվածին։

Aysor.am-ը դիմել է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ տեղեկանալու, արդյո՞ք կա հարուցված վարույթ,  ի՞նչ հանգամանքներում է տեղի ունեցել գործարքը փոխքաղաքապետի թոշակառու հոր հետ, և արդյո՞ք այն պարունակում է կոռուպցիոն հանցակազմ։

«Ենթադրյալ դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթ առկա չէ»,- պատասխանել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ