Անգամ պաշտոնական վիճակագրությունն է վկայում, որ Հայաստանը տնտեսական և սոցիալական կոլապսի մեջ Է
-ը գրում է․
«Նիկոլ Փաշինյանը կրկին իր դերում է։ Քանի կար, «աննախադեպ» աճերից ու ձեռքբերումներից էր խոսում, հիմա էլ սկսել է հասարակությանը համոզել, որ տնտեսական ճգնաժամը Հայաստանում այնպիսի հետևանքներ չի ունեցել, որը կարող է թույլ տալ խոսել սոցիալական կոլապսի կամ սոցիալական ճգնաժամի մասին։
«Աներկբա է, որ համաճարակը սոցիալական ու տնտեսական էական վնասներ է պատճառել, բայց շատ կարևոր է գնահատել այդ վնասները»,-կառավարության նիստում հայտարարեց վարչապետը։
«Իհարկե, տնտեսական անկումների ցուցանիշները հրապարակվում են, հայտնի են։ Այստեղ մենք միշտ ունենում ենք խնդիր՝ ունենալ ճիշտ ինդիկատորներ, թե ինչ սոցիալական իրավիճակ է տիրում երկրում, և որքանով է այդ իրավիճակը սրվել։
Կան ցուցանիշներ, որոնք կօգնեն հասկանալ, թե ինչ չափի սոցիալական վատթարացում է եղել երկրում։ Կարծում եմ, որ ՀԴՄ-ներով առևտրի շրջանառության տվյալը կարող է այդ մասին վկայել, որովհետև մարդկանց կողմից արվող առևտրի մասին է։
2020 թվականի օգոստոսին 2019 թվականի օգոստոսի համեմատությամբ ՀԴՄ շրջանառությունը նվազել է ընդամենը 2,5 տոկոսով։ Ընդ որում, այս ցուցանիշին նոր ենք հասել, մարտից սկսած այդ ցուցանիշը բարձր էր, նվազել է։
Այս թիվն ինքնին պետք է վկայի, որ` այո, ունենք խնդիրներ, բայց սոցիալական կոլապս և սոցիալական ճգնաժամ միանշանակ չունենք։
Իհարկե, այստեղ կարող է փաստարկ հնչել, որ առևտրի շրջանառությունը 2,5 տոկոսով նվազել է օգոստոսը՝ օգոստոսի համեմատ, տասնյակ, գուցե հազարավոր մարդիկ, ովքեր նախորդ տարի Հայաստանում չէին և արտագնա աշխատանքի էին մեկնել, հիմա այստեղ են և ենթադրաբար նաև առևտուր են անում։ Բայց մյուս կողմից՝ այստեղ չեն զբոսաշրջիկները, որոնք ակնհայտորեն և տրամաբանորեն շատ ավելին են ծախսում մեր երկրում գտնվելիս, քան տեղացիները։ Բացի այդ, չեն աշխատել կինոթատրոնները, թանգարանները, հյուրանոցներն ընդհանրապես դատարկ են, ուղևորափոխադրումներից տոմսեր չեն գնել։
Այս թվերն աներկբա ցույց են տալիս, որ Հայաստանում սոցիալական ճգնաժամ տեղի չի ունեցել, նման բան չկա»,- եզրակացրեց կառավարության ղեկավարը։
Հայաստանում սոցիալական կոլապս կամ սոցիալական ճգնաժամ կա՞, թե՞ չկա, կարող են ասել ոչ թե վարչապետի հայտարարած թվերը, այլ մարդիկ, ովքեր ամեն օր առերեսվում են դրա հետ։ Վերցնել ՀԴՄ շրջանառության 1 ամսվա ցուցանիշ և ասել, որ Հայաստանում սոցիալական կոլապս կամ սոցիալական ճգնաժամ չկա, ուղղակի նոնսենս է։ Անգամ պաշտոնական վիճակագրությունն է վկայում, որ Հայաստանը հայտնվել է՝ ինչպես տնտեսական, այնպես էլ՝ սոցիալական կոլապսի մեջ։
Մինչ վարչապետը խոսում է օգոստոսին ՀԴՄ շրջանառությունների 2,5 տոկոս անկման մասին, պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է, որ այս տարվա 7 ամիսներին մանրածախ առևտրի ծավալները Հայաստանում նվազել են գրեթե 15 տոկոսով։
Որպեսզի պարզ լինի, թե ինչ է կատարվել առևտրի հետ, մի փոքր ավելի բացենք փակագծերը։
7 ամսում խանութներում առևտրի շրջանությունը կրճատվել է ավելի քան 14 տոկոսով, սպառողական ապրանքների շուկաներում՝ 24,9 տոկոսով, գյուղատնտեսական ապրանքների շուկաներում՝ 15,4 տոկոսով, կրպակներում՝ 17,3 տոկոսով, առևտրի այլ օբյեկտներում՝ 16,8 տոկոսով։ Սրանք տվյալներ են, որոնք վերցված են պաշտոնական վիճակագրությունից։
Հուլիսին առևտրի ծավալների նվազումը մեր երկրում ավելի մեծ է եղել։ Հուլիսին մանրածախ առևտրի շրջանառությունը կրճատվել է շուրջ 18 տոկոսով։
8 ամսվա տվյալները, ներառած նաև օգոստոսը, որի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը, պաշտոնական վիճակագրությունը դեռևս չի հրապարակել, բայց անկումը հաստատ ավելի մեծ է լինելու։ Ու եթե ուզում ենք պատկերացում կազմել, թե մարդկանց սոցիալական վիճակն ինչպես է անդրադարձել առևտրի ծավալների վրա, պետք է հիմնվենք ոչ թե ՀԴՄ, այն էլ՝ միայն օգոստոսի շրջանառությունների, այլ՝ մանրածախ առևտրի տվյալների վրա։
Դեռ չհաշված ծառայությունները, որոնց շրջանառությունները պակաս մեծ անկում չեն արձանագրել։ 7 ամիսների տվյալներով՝ ծառայությունները կրճատվել են ավելի քան 9 տոկոսով։ Իսկ միայն հուլիսին՝ շուրջ 22 տոկոսով։ Այսինքն՝ իրավիճակը ոչ թե բարելավվում, այլ վատանում է։
Պաշտոնական տվյալներով՝ կացության և հանրային սննդի կազմակերպման ծառայությունների շրջանառությունը հուլիսին նվազել է ավելի քան 60 տոկոսով։ 7 ամիսների անկումն անցնում է 46 տոկոսից։
Խոսել հասարակության սոցիալական վիճակի մասին և հիմնվել 1 ամսվա ՀԴՄ շրջանառությունների վրա, որոնք, դեռ հայտնի չէ, թե ինչքանով կհաստատվեն պաշտոնական վիճակագրությամբ, անլուրջ է։ Սոցիալական բնութագրիչները շատ ավելի լայն են, քան այն, ինչ փորձում է մատուցել վարչապետը։
Չնայած անգամ վարչապետի բերած տվյալներն են վկայում, որ ունենք սոցիալական վիճակի վատացում։ Որ այս տարվա օգոստոսին ՀԴՄ շրջանառությունները պակաս են եղել անցած տարվանից։
Սոցիալական վիճակի բնութագրման համար հիմնավոր չէ նաև այն պնդումը, որ նախորդ տարվա համեմատ՝ ունենք աշխատատեղերի ավելացում։
«2020թ. հուլիսին հանրապետությունում առկա է 613 հազար 62 վճարվող աշխատատեղ, 2019թ. համեմատ դա ավել է 6597 աշխատատեղով կամ 1,1 տոկոսով։ Այս տարի համախառն աշխատավարձի ֆոնդերը 9 մլրդ 765 մլն դրամով կամ 8,1 տոկոսով ավելի են։ 1 մարդու միջին աշխատավարձն ավելի է 13 հազար 841 դրամով կամ 7,14 տոկոսով»,- ասում է վարչապետը։
Չհաշված, որ տարեսկզբի համեմատ ունենք բազմաթիվ հայտարարագրված և չհայտարարագրված աշխատատեղերի կրճատում, պետք է իմանալ, որ սոցիալական վիճակի լավագույն բնութագիրը գործազրկությունն է և աղքատության մակարդակը։ Առաջին եռամսյակում մենք ունեինք գործազուրկների թվի 31 հազար ավելացում։ Այսինքն՝ այն ժամանակ, երբ տնտեսությունը «ծաղկում» էր։
Նոր տվյալներ պաշտոնական վիճակագրությունը դեռ չի հրապարակել։ Բայց դժվար չէ պատկերացնել, թե ինչ է կատարվել ճգնաժամի ընթացքում։
Սոցիալական իրավիճակի ճիշտ բնութագիր չէ նաև այն, որ աշխատավարձի ֆոնդն ավելացել է։ Նախ, որ դա տեղի է ունեցել մեծամասամբ պետական պաշտոնյաների պարգևավճարների հաշվին, դեռ մի կողմ թողնենք։ Հայաստանում կան հարյուր-հազարավոր քաղաքացիներ, ովքեր դուրս են այդ ֆոնդերից։ Եվ դա հաշվի չառնել սոցիալական վիճակը գնահատելիս, լուրջ չէ։
Լուրջ չէ նաև, որ այս ամենի մեջ անտեսվում է գնաճը։ Խոսքը ոչ թե միջին, այլ սոցիալական գնաճի մասին է, որը շատ անգամ ավելի բարձր է։
Ընդամենը մեկ օրինակ. այս տարի մրգի շուկայում ունենք 30 տոկոսանոց գնաճ։ Հիմա պատկերացրեք, թե դա ինչպիսի ազդեցություն է թողել մարդկանց սոցիալական վիճակի վրա»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը