Այսպիսի ծանր վիճակում ժողովուրդը երբեք չի եղել: Այս մասին, ԲՀԿ Ապարանի տարածքային կազմակերպության անդամների եւ պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ նշել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Պետք է մարդկանց հետ շփվել, լսել նրանց, ոչ թե միայն ֆեյսբուքներով ասել՝ ընտիր է, արտակարգ է: Քայլեր կատարելու համար պետք է փորձ ունենան, տիրապետեն, հասկանան»,-ասաց նա:
Ծառուկյանը նշեց, որ մարդիկ բոլորը վարկերի տոկոսների տակ են, պետությունը պետք է սուբսիդավորի, տոկոսները փակի, որ մարդիկ կարողանան շնչել. «Ոչ թե պետք է մի քանի ամսով հետաձգեն, այլ ներեն վարկերը որոշ չափով»:
Նա նկատեց, որ այս իշխանությունը 1,4 մլրդ դրամի պետական պարտք է ավելացրել, բայց ոչ ոք չգիտի, թե ինչ են արել դրանով: «Արտակարգ իրավիճակ է, կարաս ամեն ընտանիքին հազար դոլար փող տաս»:
Անդրադառնալով կրթական ոլորտին, նա ասաց. «Ասում են՝ Ծառուկյանը կրթությունից է խոսում: Եթե Ծառուկյանը կրթության ոլորտով զբաղվեր, առաջին հերթին Բոլոնյան ծրագիրը չեղյալ կաներ եւ Սովետական կրթական ծրագիրը կկիրառեր»:
ԲՀԿ առաջնորդը հայտարարեց, որ իշխանությունը պետք է ոչ թե Ծառուկյանից, այլ ժողովրդից վախենա. «Արդեն երրորդ տարին է գալիս, իրենց ոչ մի ասած չի իրականացել: Գույքահարկն ավելացրել են»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը