Համաճարակի դեմ պայքարում Հայաստանը ապրում է երկու իրականությունում. կա պաշտոնական իրականություն, որը արտացոլվում է վարչապետի, նրա որոշ նախարարների խոսեքերում, պարետատան որոշումներում ու տարբեր ուղեցույցներում եւ կա զուգահեռ իրականություն, որում ապրում է հայ ժողովուրդը։
Մինչ ոստիկանների տարբեր խմբեր Հյուսիսային պողոտայում, քաղաքի կենտրոնական մարդաշատ վայրերում մոտենում են անդիմակավորներին կամ նրանց, ովքեր դիմակը ճիշտ չեն կրում եւ զանգվածաբար տուգանում, մթնոլորտը հասցնելով աբսուրդի եւ պետության կողմից կոշտ պայքարի իմիտացիա ստեղծում, նույն պահին Երեւանում ուղեւորատար ավտոբուսները երթեւեկում են գերծանրաբեռնված, որտեղ ոչ մի հակահամաճարակային անվտնագության մասին խոսք չկա։ Խցկված, իրար կպած ուղեւորափոխադրում է տեղի ունենում փոքր ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով։
Բակերում եւ զբոսայգիներումամբողջ օրը երեխաները խաղում են ոչ մի սոցիալական տարածություն, ոչ մի դիմակ, ոչ մի վերահսկողություն, իրար քիթ մտած։ Ալկոգելի կամ պարբերաբար լվացվելու մասին ծիծաղելի է խոսել։ Սա այն դեպքում, երբ պետությունը մանկապարտեզները փակում է, իսկ դպրոցների համար անիրական ուղեցույցներ մշակում։ Հայաստանում COVID-խաբեություն է:
ԱՀԿ-ն ասում է, որ համավարակի հաղթահարման համար անհրաժեշտ է կառավարության եւ հասարակության վստահություն ու հասարակության բարձր գիտակցում:
Հայաստանում առաջինը բացակայում է, իսկ բարձր գիտակցումն էլ բախվում է դաժան իրականությանը:
ՀՀ քաղաքացին, երեւանցին պետք է աշխատանքի գնա: Դիցուք, նա բարձր գիտակցում ունի: Սպասում է ավտոբուսի, որ նստած երթեւեկի, բայց այդպիսինները չկան: Աշխատավարձն էլ թույլ չի տալիս աշխատանքի գնալ ու գալ տաքսով: Հիմա ի՞նչ անի բարձր գիտակցում ունեցող ՀՀ քաղաքացին: Պետությունը եթե մի բան արգելում է, դնում է կոշտ սահմանափակումներ, ապա մյուս կողմից պետք է ստեղծի հնարավորություններ։ Հակառակ դեպքում կունենանք այսօրվա իրականությունը՝ երկու զուգահեռ իրականություն. պաշտոնական ստի եւ իրական կյանքի։
Կառավարությունը, իրեն դասալիքի նման պահած Երեւանի քաղաքապետը ոչինչ չեն արել եւ չեն անում, որ երթեւեկելը լինի քաղաքակիրթ, անվտանգ: Ավելացե՞լ են ավտոբուսների թիվը, նոր երթուղինե՞ր են մշակվել...Իհարկե՝ ոչ. եթե արտակարգ պայմաններ են, արտակարգ սահմանափակումներ, ապա պետք է լինեն արտակարգ, հրատապ լուծումներ։
Փոխանակ ավտոբուսների թիվն ավելացվի՝ պակասեցվել է: Անգամ երթուղիներ են անհետացել, իսկ քաղաքապետարանը լռում է:
Պատկերացնո՞ւմ եք ինչ է կատարվելու տրանսպորտի հետ, երբ դպրոցներում եւ համալսարաններում վերսկսվեն դասերը: Փորձեք պատկերացնել:
Դպրոցներում այլանդակ, համակենտրոնացման ճամբարների ուղեցույց հիշեցնող շրջաբերականներ են իջեցվել: Աշակերտներին պարտադրում են դիմակ կրել, ռիսկային խմբերում գտնվող ուսուցիչներին՝ սկաֆանդրներ հագնել, աշակերտներին արգելում են գնալ գրատախտակի մոտ, օգտագործել տետրեր, հաց ուտել, քայլել, վազել: Արգելում են այն աշակերտներին, որոնք այսօր ֆուտբոլ են խաղում, վազվզում, իրար կողք նստած զրուցում, հեծանիվ քշում, տարբեր խաղեր խաղում:
Կրկին բարձր գիտակցման մասին. ծնողը հասկանում է, որ խաղը բակում, զբոսայգում այլ երեխաների հետ մեծացնում է վարակը փոխանցելու ռիսկը, բայց մյուս կողմից ի՞նչ անի այդ նույն ծնողը, որն ունի բարձր գիտակցում եւ հասկանում է, որ չի կարելի անվերջ երեխային պահել տանը, որ նրան խաղ եւ շարժում է պետք: Ի՞նչ է արել պետությունը, ի՞նչ լուծումներ է առաջարկել. Միայն փակել, արգելել ու ստել։
Այսօր ամեն քայլափոխի բախվում ենք ամենասովորական խաբեության հետ: Ամեն ինչ ձեւական է, ամեն ինչ անտրամաբանական, ամեն ինչ անհեթեթության սահմանին կամ սահմանից այն կողմ: Նման իրականությունը սովորաբար բախվում է լուրջ խնդիրների։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը