Մենք խստորեն դատապարտում ենք օգոստոսի 22-ին ադրբեջանական իրավազորության ներքո հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի հանդեպ կիրառվող նվաստացնող վերաբերմունքը, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի բացահայտ և կոպիտ խախտում է: Այս մասին ասվում է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:
«Գուրգեն Ալավերդյանի արժանապատվության հրապարակային ոտնահարմամբ Ադրբեջանը մերժում է քաղաքակիրթ մարդկության կողմից հանրահռչակված՝ ռազմագերիների՝ «ցանկացած հանգամանքներում իրենց անձի և պատվի նկատմամբ հարգանքի իրավունքը», որն ամրագրված է Ժնևի III կոնվենցիայով: Նման գործելակերպը բնորոշ է տխրահռչակ ահաբեկչական խմբավորումներին և, ինչպես կարող ենք արձանագրել, նաև Ադրբեջանին:
Պարզունակ քարոզչության և հայատյացության հնարքներով սեփական ժողովրդին կերակրող Ադրբեջանի բռնապետական ռեժիմն իջել է այն մակարդակին, որ հուլիսյան մարտերում սեփական բանակի լուրջ անհաջողությունները կոծկում է ռազմագերուն պարտադրված շինծու տեքստերով:
Միջազգային մարդասիրական իրավունքի հանդեպ Ադրբեջանի արհամարհանքի մասին է վկայում նաև այն փաստը, որ Ադրբեջանն այն սակավաթիվ երկրներից է, որոնք հրաժարվում են վավերացրել Ժնևի կոնվենցիաներին կից բոլոր լրացուցիչ արձանագրությունները:
Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի շարունակական խախտումները լրջորեն խաթարում են խաղաղությանը նպաստող միջավայրի հաստատումը»,- ասված է ԱԳՆ հաորդագրության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը