Armlur.am-ը գրում է․ «ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ապրիլյան քառօրյայի ժամանակ հակառակորդի անօդաչու թռչող սարք Ստեփանակերտ չի հասել։ Նրա այս հայտարարությունից հետո սոցիալական ցանցերում տարբեր հայտարարություններ սկսեցին հնչել եւ շատերը մեջբերեցին 2016 թվականին Արցախի նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանի հայտարարությունը, որով նա նշել էր, թե անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի Լեռնային Ղարաբաղ այցի ժամանակ Ստեփանակերտում ադրբեջանական անօդաչու թռչող սարք էր նկատվել։ Այն ժամանակ Դավիթ Բաբայանը նշել էր, որ անօդաչու սարքը, որ թռել է Ստեփանակերտի երկնքում հենց Մինսկի խմբի և ԼՂ նախագահ Բակո Սահակյանի բանակցությունների ժամանակ, ոչնչացվել է։
Այսօր ArmLur.am-ը զրուցել է Դավիթ Բաբայանի հետ, որը այժմ զբաղեցնում է Արցախի գործող նախագահի խորհրդականի պաշտոնը՝ արտաքին գծով:
-Պարոն Բաբայան, այսօր Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո շատերը մեջբերեցին Ձեր գրառումը, որն արել էիք 2016 թվականի ապրիլի 8-ին՝ ասելով, թե անօդաչու թռչող սարք է նկատվել: ՀՀ երրորդ նախագահի և Ձեր խոսքերի միջև հակասություն է առկա՞:
-Ես ասեմ հետեւյալը. ես չեմ ուզում միջամտել կամ կողմ, դեմ արտահայտվել, ասել՝ ով է սխալ կամ ով է ճիշտ: Ես կխոսեմ պարզապես փաստերի մասին: Համանախագահներն այցելել էին Արցախ, նրանց հանդիպումից հետո մենք միասին դուրս ենք եկել եւ նրանք տվել են կարճ ճեպազրույց եւ ներկա են եղել 15 ու ավել լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Այդ պահին անօդաչու թռչող սարքն իսկապես եկել է Ստեփանակերտ, մեր հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են այն: Բայց համանախագահներն այցելել են Արցախ, եթե չեմ սխալվում ապրիլի 7-ին կամ 8-ին: Իսկ ապրիլյան պատերազմն ավարտվել է, այսինքն զինադադարը պաշտոնապես հաստատվել է ապրիլի 5-ին:
-Այսինքն, մինչեւ ապրիլի 5-ը Դուք անօդաչու թռչող սարք չե՞ք նկատել:
-Խոցվել են տարբեր անօդաչու թռչող սարքեր՝ սահմանի տարբեր վայրերում, բայց ես հստակ չգիտեմ: Բայց համանախագահներինը հստակ ասում եմ ՝ եղել է ապրիլի 8-ին կամ 7-ին, եւ մենք նույնիսկ ցույց տվեցինք, որ անգամ այս պարագայում Արդբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը: Դա կոնկրետ եղել է զինադադարի հաստատումից հետո:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը