06 08 2020

Ալեն Սիմոնյանի մասին դրական հոդվածներ չեն հրապարակվել

Ալեն Սիմոնյանի մասին դրական հոդվածներ չեն հրապարակվել

2020թ-ի հուլիսի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 188 հոդված, որոնցից 92-ը եղել է բացասական, 96-ը՝ չեզոք։

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մասին դիտարկված դրական հոդվածներ չկան։

Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո։

Մի շարք կուսակցություններ դատապարտում են «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին մեղադրանք առաջադրելու փաստը։ Արտախորհրդարանական ուժերը սա համարում են ընդդիմադիր գործչի նկատմամբ քաղաքական հետապնդում և միակողմանի մոտեցում։

Մասնավորապես, ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը վստահ է՝ Արթուր Դանիելյանի նկատմամբ մեղադրանքի առաջադրումը չի կարող քաղաքական ենթատեքստ չունենալ։

Որ այս հարուցված քրեական գործն ու Արթուր Դանիելյանին մեղադրանք առաջադրելը քաղաքական պատվեր է, համոզված է նաև իրավաբան ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ «քայլարած» իշխանության համար ամեն ինչ ընտրովի է՝ նաև արդարադատությունը. «Եթե Արթուրի կողմից հնչեցրած հայհոյանքը քրեորեն պատժելի արարք է, ուրեմն նույն՝ խուլիգանության մեղադրանք պետք է առաջադրվի նաև Ալեն֊ին ու Էդմոն Մարուքյանին։ Ավելին՝ դրան հաջորդել է հարված ԱԺ փոխնախագահի կողմից, որի արդյունքում ծանր մարմնական վնասվածք (քթի կոտրվածք) է ստացել Արթուր Դանիելյանը։ Բայց մեր, քայլածների կողմից արդեն վաղուց իրենց հատկացված խեղկատակի ու հայտնի գործիքի դերի հետ հաշտված «իրավապահները» գործ են հարուցում Արթուր Դանիելյանի դեմ»:

Փաստացի, հասարաքաղաքական շատ գործիչներ տարակուսած են ստեղծված իրավիճակից։ Համարում են, որ ապօրինություն է տեղի ունեցել և այդ ապօրինության հետևանքով մեղադրանք է առաջադրվել ոչ թե հարձակվողին, այլ հարձակման ենթարկվողին։

Երևանի Եկմալյան փողոցի բնակիչներն էլ նշում են, որ համեստ մարդիկ մնացին փողոցում, իսկ պատգամավորները եկել զբաղեցրել են նորակառույց շենքի բնակարանները, որոնք նախատեսված էին այս տարածքի բնակիչների համար։ Ալեն Սիմոնյանը երկու բնակարան է գնել այս շենքում: Բնակիչներն ասում են` բոլորը թաթը գցեցին այս շենքին։

 

Հրապարակումը պատրաստվել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամի աջակցությամբ

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ