Panorama.am-ը գրում է․
«Կա մի սիրուն երկիր՝ Հայաստանը, և կան տարօրինակ սիրով նրան սիրող հայեր։ Տարօրինակ, քանի որ մասերի բաժանված՝ ամեն մի հատված իր սերն է համարում ճիշտը։ Միևնույն բառերով ու կարգախոսներով են արտահայտում իրենց սերն առ Հայաստան, բայց կանգնած լինելով հակադիր բևեռներում՝ տարբեր կերպ են տեսնում երկրի «պայծառ» ապագան։ Նման է մարզական այն խաղին, երբ թիմերը պարան են ձգում։ Մեր դեպքում ազգասերների և աշխարհաքաղաքացիների թիմերն են Հայաստանի փրկության պարանը ձգում։
Ասվածը հումորին մոտ է, բայց իրականում լացելու վիճակ է, որ այսքան տարբեր կերպ ենք պատկերացնում Հայրենիքի անվտանգությունն ու բարրօրությունը։ Առավել ողբալի է, որ հասարակության մի հատվածը ենթարկվելով գլոբալիստների աղմկոտ ակտիվությանը՝ երկրպագում է նրանց, աչք փակելով վերջիններիս օտարածին սպոնսորների ապազգային ծրագրերի վրա։ Ուզում ես ասել, մարդի՛կ, ախր նրանք դրա համար վարձատրվում են, պարգևավճար են ստանում, ձեր օգուտը ո՞րն է․․․ միթե միայն «նախկինների ռոժը» (ներողություն) չտեսնելու իրականացած երազանքը թույլ է տալիս ամեն ինչ ներել նորերին։
Հարգելով յուրաքանչյուրի սեփական տեսակետն ունենալու իրավունքը, այնուամենայիվ դժվար է պատկերացնել, որ գիտակից հայ մարդը կարող է չզայրանալ՝ ագրեսիվ թշնամու նկատմամբ ՀՀ վարչապետի և նրա կնոջ համամարդկային բարության ու խաղասիրության ցուցադրումից։ Անհնար է պատկերացնել հայ ծնողի, ում չի նյարդայնացնում իր 6 տարեկան երեխային դպրոցում սեռական դաստիրակության դասավանդելու փաստը։ Բայց լռելյայն ընդունում են։ Ստացվում է, որ հավատն առ նիկոլյան «Նոր Հայաստան» ավելի ուժեղ է, քան անգամ ինքնապահպանման բնազդը։
Այ, դժվար է հասկանալ այս մարդկանց, ովքեր անձնավորելով անանձնական երևույթները, փոքրացնում-զրոյացնում են իրենց իսկ անհատականությունը՝ դառնալով զոմբի-զանգվածի անդեմ մասնիկ։ Պետությունը նույնացնում են Նիկոլի հետ, Առաքելական եկեղեցին Վեհափառի հետ, իրենց կյանքի չկայացած պահերը կապում են Ռոբերտ Քոչարյանի միֆական 4 միլիարդի և Սաշիկի լեգենդ դարձած 50/50-ի հետ․․․ և այսպես հեշտ ու հանգիստ պետական կարևորության հարցերը իջեցնում են անձնական վիրավորանքների մակարդակին։
Բայց արդյոք նրանք մնացել են 2018-ի նույն խանդավառները․ դիմակի համար չե՞ն տուգանվել, ռեստորան ու տուրիստական գործակալություն չե՞ն կորցել, գործազուրկ չե՞ն դարձել, ի վերջո չե՞ն հասկացել, որ չկա կախարդական փայտիկ ու թռիչքաձև զարգացում, չկան 3 միլիոն վարչապետեր, չկա ժողովրդի կամք․․․ փոխարենը՝ կա նորացված կոռուպցիա, խորացված հովանավորչություն, բազմացրած ստանդարտներ։ Օրինակները շատ են։
- «Ուղղակի կոռուպցիայի ձևն է փոխվել, պարզվել է, որ պետք չէ բյուջեից գողանալու համար բարդ սխեմաներ մտածել, կարելի է ուղղակի շատ հանգիստ, պարգևավճարի ձևով բյուջեն մսխել։ ․․․ 120 միլիոն դոլարի պարգևավճարը՝ օրենքով չնախատեսված, ուղղակի թևերը քշտելով և բյուջեի մեջ մտնելով, կոռուպցիա՞ է, թե՞ ոչ։ Ակնհայտ բյուջեից գողություն է։»։
- «․․․խոսք էին տալիս էն գլխից, թե՝ ժողովուրդ, մենք ձեզ սիրում ենք, մենք ձեզ սիրում ենք։ Մի սիրիր, բայց ճիշտ կառավարիր։ ․․․ Հիմա թող էդ սիրված, ասֆալտին փռված հպարտ քաղաքացին ինքը մտածի, թե ինչու է երկիրը հանձնել այս կառավարությանը»։
- «Կառավարություն, որը ժողովրդին ասում է՝ դու ես մեղավոր, որ կորոնավիրուսից 900 հոգի մահացել է ։ Սա անհարգալից վերաբերմունք է սեփական ժողովրդի նկատմամբ»։
Մերջբերումներն արված են հուլիսի 29-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեք հեռուստաընկերություններին տված հացազրույցից։ Դատելով արձագանքներից, ազգասերների թիմը մեծագույն բավականությամբ է դիտել ժամից ավել ձգված հարցազրույցը՝ կարոտած իրական առաջնորդի խորն ու բովանդակալից խոսքի։
Անկեղծ ասած, ցանկալի կլիներ, որ հանրության մյուս հատվածները ևս նրան լսեին, այլ ոչ թե ՀԱԿ-ական ու «իմքայլական» մեկնաբանություններով պատկերացում կազմեին նախագահ Քոչարյանի ասածների մասին։ Ի վերջո, նրա խոսքը վերաբերում էր անխտիր բոլորիս, անկախ այն բանից, թե ձգվող պարանի որ կողմում ենք։ Ով ով, բայց Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահն իր երկարամյա և արդյունավետ կենսափորձից հիանալի գիտե, որ կա մեկ Հայաստան, որի անվտանգությունն ու զարգացումը խարսխված են միմիայն ազգային ամուր արմատների և Հայաստան-Արցախ- Սփյուռք միասնականության վրա։
Լիա Իվանյան»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը