Եվ ասաց այն, ինչ ուզում էին լսել թավշյահեղափոխականների ապաշնորհ կառավարման հետևանքով երկրի անվտանգության համար մտահոգ քաղաքացիները՝ որ ամեն ինչ դեռ կորած չէ և հմուտ ղեկավարման դեպքում հանրապետությունը կարող է հաղթահարել «սորոսիզացիան» և դիմակայել ադրբեջանա-թուրքական «կապրիզներին ու շանտաժներին»։
Ինչպես և ակնկալվում էր, նախագահ Քոչարյանի պատասխանները երեք հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հարցերին՝ հստակ էին և տրամաբանված, առանց ավելորդ զեղումների և չարախոսության։ Դա առաջնորդի խոսք էր, ում համար կարևոր են ոչ թե անձերը, այլ պետության անվտանգությունն ու բարրօրությունը։ Դա կենցաղային ճղճիմությունից զերծ հայացք էր վերևից՝ աշխարհաքաղաքական բոլոր գործոնների համադրմամբ կատարված խորը վերլուծություն։
Հատկապես բանակին, Ղարաբաղյան բանակցություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող որոշ պատասխաններ իրենցից ներկայացնում էին ամբողջական խնդիրների սեղմ բանաձևումներ։ Օրինակ․
- Ղարաբաղյան կարգավորման այսօրվա գործընթացում ինձ անհանհագստացնում է այն ամենը, ինչ տրամաբանված չէ. դա կամ խնդիրը չհասկանալու, կամ ոչ բարենպաստ լուծման գնալու ցուցիչ է։ ․․․Կարգավորման մեր սկզբունքները պետք է բխեն Արցախի Հանրապետության Անկախության հռչակագրից։
- Բանակի սուրբ պարտականությունն է բարելավել դիրքերը առաջնագծում։
- Մեր տարածաշրջանում ակնհայտ մրցակցություն է լինելու Ռուսաստանի և Թուրքիայի միջև։ ․․․Զորավարժությունները Նախիջևանում ուժի ցուցադրում է, և զգուշացում, որ կարող են լինել բարդ զարգացումներ։ ․․․Ռուսական ռազմաբազան հեռացնել պահանջողները պետք է սթափվեն և հասկանան դրա հետևանքները։
- Ինչպիսի՞ դասեր պետք է քաղենք Տավուշի դեպքերից։ Պարզվեց, որ Ադրբեջանի նախագահը կոնստրուկտիվ չէ, Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության, Ադրբեջանի ժողովուրդը խաղաղություն չի ուզում։
- Նույնիսկ 1992-94 թթ պատերազմի ժամանակ, Մոսկվայում կամ Լոս Անջելեսում հայերի և ադրբեջանցիների միջև բախումներ չեն եղել։ Ֆիքսենք շատ կարևոր փաստ՝ Ադրբեջանում կա ոչ միայն ռևանշի ձգտող իշխանություն, այլև ռևանշի ձգտող ժողովուրդ։
Անուններ չտվեց ՀՀ երկրորդ նախագահը, բայց բոլորին էլ պարզ է, թե նման իրավիճակում որքան ամոթալի են Հայաստանի ղեկավար հանդիսացող այր ու կնոջ խաղաղասիրական սրտաճմլիկ հորդորները, հատկապես երբ ժողովուրդը նրանց չի տվել թշնամուց խաղաղություն մուրալու պատգամ։
Նայում ես հարցազրույցը և մտածում ես՝ ո՞վ գլխիվայր շրջեց մեր երկրի արժեքային համակարգը, ո՞վ ապազգային ուժերին բերեց իշխանության, իսկ ազգայիններին բանտ նետեց ու ասֆալտին փռեց։ Կուրացե՞լ են մարդիկ, որ չեն կարողանում տարբերել պետության փրկության մասին ահազանգողներին երկիրը կործանման տանող դավաճանական թայֆայից։
Երկու տարի է Հայաստանում մի շարք կազմակերպություններ, հատկապես «Վետո» շարժումը, ամեն կերպ փորձում են հասկացնել մարդկանց սորոսական ազգակործան և պետականաքանդ քաղաքականությունը, որն արդեն սողոսկել է հայ դպրոց ու ընտանիք, վայրահաչում է Առաքելական եկեղեցու դեմ, ապականում է հայոց պատմությունն ու մշակույթը, բայց շատերն ասում են՝ «դե լա՜վ, ինչ Սորոս»։
Նախագահ Քոչարյանը հստակ ու հասկանալի բանաձևեց նաև մեր երկրի այս պատուհասը՝ «Այսօր աշխարհում «սորոսիզացիայի» տրենդը փոխարինվել է ազգային արժեքների համար պայքարի տրենդով։ Դրա առաջատարներն են Ռուսաստանի Դաշնությունը և Չինաստանը»։ Իսկ մեզ, որ դարերի փորձությունները հաղթահարել ենք ազգային ամուր կոդի շնորհիվ, այսօր ուզում են դարձնել անազգ-անսեռ-անդեմ աշխարհաքաղաքացի։ Պարոն Քոչարյանի բառերով՝ «աշխարհում մարման գնացող տրենդներն են ուզում պարտադրել մեզ»։
Բայց մի՞թե այնքան անզոր պետք է գտնվենք, որ թույլ կտանք փողոցից իշխանության եկած և օտարի ցուցումներով պետություն քանդողներին իրականցնել իրենց հանցավոր ծրագրերը։ Դժվար թե․․․ քանի դեռ կան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նման ներքին ու արտաքին իրավիճակները սթափ գնահատող պետական գործիչներ, և կան նրա թիմակիցների օր օրի ստվարացող բանակը՝ Հայաստանի սորոսացումն ու օսմանացումը անկատար ծրագրեր էլ կմնան։
Լիա Իվանյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը