Էս տեմպերով որ գնանք՝ շուտով Հայաստանը կդառնա հոգեբուժարան բաց երկնքի տակ։ Ամենասառնասիրտ մարդն անգամ ինչ-որ պահի կարող է կորցնել իր հոգեկան հավասարակշռությունը։ Փորձենք տեղավորվել հիվանդասենյակներով։
Դե, «6-րդ հիվանդասենյակին» չենք կպչում, քանզի այն հիմնավորապես զավթված է իշխանությունների և նրանց աջակցող գրանտակերների, սեռաշեղվածների, աղանդավորների, ֆեյքերի, զոմբիների կողմից։ Ասեղ գցելու տեղ չկա այդտեղ, բայց անցյալ տարի հրապարակված մի շատ լուրջ վերլուծության տվյալներով՝ նրանց առավելագույն թիվը մոտ 250 000 է, այսինքն բնակչության տասը տոկոսն էլ չկան։
Պարզապես շատ ակտիվ են, որովհետև եթե կորցնեն աստեղային իրենց այս ժամանակահատվածը, դարձյալ երկար ժամանակով կսսկվեն հատակում։
Եվ այսպես, առաջին հիվադասենյակում տեղավորենք պայմանական անվանումով Կասանդրայի սինդրոմով տառապողներին։ Կասանդրան Տրոյայի արքա Պրիամոսի դուստրն էր, ով օժտված էր ապագան հստակ տեսնելու զարմանալի ունակությամբ, բայց ոչ ոք նրան չէր հավատում։ Եվ դրանից նա ահավոր տանջվում էր, ճիշտ ինչպես հիմա են զայրանում-հուսահատվում-տառապում այն մարդիկ, ովքեր 2018-ի ապրիլից փաստարկներ են բերում, որ թավշյա հեղափոխություն կոչվածը մեր պետությունն օտարի ձեռքին խաղալիք է դարձնելու (ինչին և ականատես ենք հիմա)։ Լսող կա՞ր, կա՞․․․ իհարկե ո՛չ։ Ավելին՝ արձագանքը միայն պիտակավորումներն ու հայհոյանքներ են։ Ո՞նց չգժվես։
Երկրորդ հիվադասենյակում հեղափոխական էյֆորիայից սթափվածներն են․․․ մարդիկ փոփոխություն էին ուզում, բայց իրականությունը նրանց հիասթափեցրեց ոչ միայն իշխանություններից, այլև հենց իրենցից, որ այդքան հեշտ կուլ գնացին խաբեությանը և նպաստեցին օտարի դրածոներին բազմել իշխանական աթոռներին։
Երրորդում՝ կորոնավիրուսից մահացած 678-ի հարազատներն են; կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված 35693-ը; իրենց վատ զգացող, բայց թեստավորման և համակարգչային շերտավորման գումար չունեցող X քանակի քաղաքացիները; բաց տարածքում դիմակ կրելու պարտադրանքից շնչահեղձ լինողները․․․ Նրանք բոլորը գժվում են անօգնականությունից և այն իրողությունից, որ համավարակի դեմ համակարգված պայքարի բացակայության պայմաններում՝ հենց իրենց վրա է բարդվում աշխարհի երկրներից վատագույն արդյունքերից մեկն ունենալու պատճառը։
Չորրորդում՝ գործազուրկ դարձածներն են, աշխատանք ու բիզնես կորցրած, վարկային պարտավորությունների տակ կքած, օրվա հացի գումարը հայթայթելու մտքից քուն ու դադար կորցրած մարդիկ են։ Մարդիկ են, ովքեր չգիտեն՝ օրվա ծախսելիք գումարը հացին տան, որ երեխան սնվի, թե՞ դիմակին, որ ոստիկանը ասֆալտին չփռի։ Մարդիկ են, ովքեր վաղվա օրը չեն տեսնում, բայց զրկված են նույնիսկ իրենց խնդիրները բարձրաձայնելու իրավունքից, քանի որ արտակարգ դրությունը պարտադրում է միայն պարտավորություններ՝ զրկելով մարդկանց բոլոր իրավունքներից։
Հինգերորդ հիվանդասենյակում դպրոցական առօրյային ու ընկերներին կարոտած երեխաներն են, ովքեր բնակարաններում փակված՝ պոկ չեն գալիս բազմոցներից ու հեռախոսներից․․․ և գիրանում ու բթանում են։ Նաև տարեցներն են, որոնց կենսական եռանդը լիցքավորվում էր հարազատների սիրով և նրանց հետ շփումներով, բայց զրկված լինելով դրանից՝ միանգամից մի քանի տարով ծերանում են։ Տարբեր հիվանդությունների ցուցումով տարեցները պետք է քայլեն թարմ օդում, բայց վարակվելու և մերձավորների վրա չծանրանալու վախից մնում են տանը, և աստիճանաբար քայլելն էլ է պրոբլեմ դառնում, լիաթոք շնչելն էլ։ Այս 5 ամիսների ընթացքում նրանք ծերացան 5 տարվա չափով։
Ո՞վ է այս ամենի մեղավորը։ 6-րդ հիվանդասենյակի հաճախորդները, որ լինելով իրական հոգեշեղվածներ՝ մի ողջ ժողովրդի հոգեկան առողջությունը խաթարեցին։ Ուրեմն ի՞նչ է պետք անել․․․ Պե՛տք է օր առաջ նրանցից ազատվել, քանի դեռ բոլորիս կիսամարդ չեն դարձրել և երկիրը չեն հանձնել օտարներին որպես մի մեծ հոգեբուժարան։
Լիա Իվանյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը