Կառավարության որոշմամաբ ավելացավ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը: ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ ապահովվելու է հոգեկան առողջության պահպանման ծառայությունների մատուցման որակի և հասանելիության բարձրացում, ինչպես նաև բժշկական կազմակերպությունների շենքային պահմանների բարելավում։
Հիմնավորման մեջ նշվում է, որ երկար տարիներ հոգեկան առողջության պահպանման ոլորտը մատնված է եղել անուշադրության։ Բուժական գործընթացի, մատուցող ծառայությունների հասանելիության, ինչպես նաև շենքային պայմանների բարելավման ուղղությամբ գրեթե աշխատանքներ չեն իրականացվել։
Կլինիկայի կողմից բնակչությանը մատուցվող նեղ մասնագիտացված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման անընդհատությունն ապահովելու կարևորությունից ելնելով առաջնահերթություն է համարվել ««Ավան» հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մասնաշենքերից մեկում ձևավորել նոր նևրոզների բաժանմունք՝ այդտեղ մասամբ տեղափոխելով նաև կլինիկայի բուժանձնակազմին։
Կենտրոնը, որը կառուցվել է 1971 թվականին, առ այսօր վերանորոգման չի ենթարկվել, ինչի հետևանքով շարքից դուրս են եկել գրեթե բոլոր սպասարկման ենթակառուցվածքները՝ հիվանդասենյակները, սանհանգույցները և լոգարանները, խոհանոցային տնտեսությունը, ջեռուցման համակարգը և այլն։
Կլինիկայի կողմից մատուցվող նեղ մասնագիտացված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները կենտրոն տեղափոխելու համար հրատապ է համարվում մեկ բաժանմունքի ամբողջական հիմնանորոգումը, որը շենքային և կենցաղային վատ պայմանների պատճառով տարիներ շարունակ չի շահագործվել։
Մյուս կողմից կենտրոնի ջեռուցման համակարգը շարքից դուրս գալու պատճառով հիվանդասենյակները ջեռուցվել են էլեկտրական ջեռուցիչներով, ինչը կենտրոնի մասնագիտական ուղղվածությունից, ինչպես նաև բուժում ստացող պացիենտների ակտիվ վարքագծից ելնելով համարվում է խիստ ռիսկային։ Այս առումով կենտրոնում կենտրոնացված ջեռուցման համակարգ ունենալը նույնպես համարվում է առաջնահերթություն։
Այս հրատապ խնդիրների լուծման, ինչպես նաև կլինիկայում մատուցվող ծառայությունները կենտրոն տեղափոխելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ««Ավան» հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացմամբ ստեղծել պայմաններ՝ բժշկական օգնության և սպասարկման նեղ մասնագիտացված ծառայությունների մատուցման համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը