Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում Մոսկվան, անկասկած, կկատարի իր պատավորությունները որպես ՀԱՊԿ անդամ: Այս մասին «ԿՊ»-ի հետ հարցազրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:
Հարցին՝ Ռուսաստանն արդյոք կգործարկի ՀԱՊԿ գործիքները, եթե հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիան շարունակվի, նա պատասխանել է, որ Մոսկվան «ուղղակի պարտավոր է Հայաստանի վրա ռազմական հարձակման դեպքում կատարել Պայմանագրով իր պարտավորությունները»: «Մենք դեմ ենք հակամարտության սահմանների ընդլայնմանը, բայց նրա բոլոր մասնակիցները պետք է հստակ հասկանան, թե իրենք ինչ են վտանգում: Մենք ամենևին չէինք ցանկանա, որ ներքաղաքական պատճառներով Բաքուն կամ Երևանը սրումն օգտագործեին իրենց դիրքերի ամրացման համար: Իսկ այս պահը ևս կա՝ այստեղ կա ե՛ւ համավարակը, ե՛ւ տնտեսական ճգնաժամը: Գայթակղիչ գաղափար է ժողովրդին կենսական խնդիրներից պատերազմով շեղելը:
Հույս ունեմ, որ բոլոր շահագրգիռ երկրների պատասխանատու քաղաքական գործիչները իրենց հաշիվ են տալիս, թե ինչ խաղադրույք է կատարված և ինչ կարող է դուրս շպրտվել, եթե որևէ մեկի մոտ իշխեն էմոցիաները և իրեն ցուցադրելու ցանկությունը: Բայց հարցը՝ Ռուսաստանը կկատարի՞, թե՞ չի կատարի իր պարտավորությունները, շահարկումների թեմա է ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում: Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում Մոսկվան, անկասկած, կկատարի իր պատավորությունները որպես ՀԱՊԿ անդամ: Բայց դա չի նշանակում, որ ամեն ֆիննական դանակի գործադրման դեպքում մենք պետք է նետվենք՝ «հանուն Հայրենիքի» բղավելով: Եվ առավել ևս մենք թույլ չենք տա, որ մեզ մանիպուլացնեն: Իսկ հայ ժողովրդի պաշտպանությամբ մենք անպայման հանդես կգանք: Ճիշտ ինչպես նա, հուսով եմ, հանդես կգա մեր ընդհանուր արժեքների պաշտպանությամբ»,- նշել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը