Մեր խնդիրը մեր ինքնիշխանությունը, մեր սահմանները, մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունն ապահովելն է, նաև գլոբալ անվտանգության ապահովմանը նպաստելը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 18-ին, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊՆ և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ:
Նա, մասնավորապես, նշել է. «Իսկ որ Ադրբեջանը սպառնալիքներ է ստեղծում ոչ միայն Հայաստանի, այլև գլոբալ անվտանգության համար, վերջին օրերին ակնհայտ դարձավ:
Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչը մի քանի օր առաջ ուղղակի հայտարարեց, որ իրենց երկիրը կարող է հրթիռային հարված հասցնել Մեծամորի ատոմակայանին: Ճիշտ է, Հայաստանն ի վիճակի է ապահովել սեփական, այդ թվում՝ Մեծամորի ատոմակայանի անվտանգությունը, բայց սա մի հայտարարություն է, որ աներկբայորեն պետք է դիտարկվի որպես մարդկության դեմ հանցագործություն, որովհետև նմանատիպ գործողությունը մարդկության դեմ ուղղված ահաբեկչություն ձեռնարկելու սպառնալիք է և պետք է արժանանա համապատասխան միջազգային արձագանքի և հետաքննության»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը