«Ինտերֆաքս» գործակալությունը ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանից հետաքրքրվել է, թե ինչպես է մեկնաբանում ադրբեջանական ղեկավարության՝ խաղաղ բանակցային գործընթացի մասին օրերս արված հայտարարությունները:
Աննա Նաղդալյանը նշել է․
«Հակամարտությունն ունի երեք կողմ, որոնք ստորագրել են հրադադարի համաձայնագրի ներքո:
Նախկինում Ադրբեջանը բանակցում էր ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետության հետ: Այնուհետև Ադրբեջանը մերժեց ԼՂ հետ բանակցելը: Եթե այժմ Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի հետ բանակցելուց, ապա պարզ չէ, թե ում հետ է բանակցելու ԼՂ հակամարտության հարցով: Արդյոք մտադիր է վերսկսել իր բանակցությունները արցախյան կողմի հետ, թե ոչ, մենք չգիտենք:
Ադրբեջանը վերջին շրջանում փորձում է տարբեր փաթեթավորմամբ հանդես գալ պատերազմի սպառնալիքներով: Եթե բանակցություններից դուրս գալու իր սպառնալիքն այդ շարքից է, ապա դա մեզ ոչ զարմացնում է, ոչ էլ՝ տպավորում:
Հայաստանը մերժում է սպառնալիքի լեզուն և հանդես է գալիս խնդրի խաղաղ կարգավորման դիրքերից»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը