ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրում է․
«Հիմա ազգային համախմբման պահն է, հիմա ամեն ինչ մի կողմ դրած հանուն հայրենիքի գործելու պահն է։
Ցավոք, պահի կարևորությունը և լրջությունը շարունակում են չընկալել որոշ իշխանական ու իշխանամերձ շրջանակներ, որոնց պահվածքին ու կեցվածքին անպայման կանդրադառնանք, բայց իրավիճակի հանդարտեցումից հետո միայն։
Հ Յ Դաշնակցությունն՝ իր աշխարհասփյուռ ամբողջ կազմակերպական կառույցով, Հայ դատի գրասենյակներով և ուղեկից կառույցներով այս օրերին առանձնակի ակտիվությամբ է իրականացնում Հայաստանի շահերի պաշտպանության գործը։
Անցնող 24 ժամվա ընթացքում Դաշնակցության Բյուրոն և Հայ դատի կենտրոնական խորհուրդը հանդես են եկել առանձին հայտարարություններով։
Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչը հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահի հետ և վերահաստատել հայրենիքի, հայոց բանակի և հայ զինվորի կողքին լինելու կուսակցության հանձնառությունը:
Դաշնակցության ուղեկից միություն Հայ օգնության միությունը / Armenian Relief Society - Հայ Օգնութեան Միութիւն, որը հայկական բարեգործական խոշորագույն կազմակերպություններից է, ստեղծված իրավիճակում պատրաստակամություն է հայտնել իր հնարավորություններով նեցուկ լինել հայրենիքին, բանակին և հայ ժողովրդին։
Միացյալ Թագավորության Հայ դատի գրասենյակը / Armenian National Committee of the United Kingdom - ANC UKպաշտոնական գրությամբ դիմել է երկրի արտգործնախարարությանը, կատարել անհրաժեշտ շեշտադրումները և ի պատասխան ստացել արտգործնախարարության հավաստումն առ այն, որ Մեծ Բրիտանիան աջակցում է Մինսկի խմբի ձևաչափում հակամարտության կարգավորման գործընթացին։
Համապատասխան հայտարարություններ են արել Լիբանանի հայ դատի մարմինը Armenian National Committee of Lebanon - ANCL, ԱՄՆ Արևմտյան ափի ՀՅԴ կենտրոնական կոմիտեն, ՀՅԴ Կանադայի կենտրոնական կոմիտեն։
Առանձնակի թափով է ընթանում ՀՅԴ Հայ դատի գրասենյակի աշխատանքները։ Բրյուսելի գրասենյակից / EAFJD - European Armenian Federation for Justice and Democracy արդեն իսկ հայտնել են, որ Եվրոպական Խորհրդարանում Հայաստանի հարցով զեկուցողի պաշտոնից հրաժարական է ներկայացրել ադրբեջանամետ գործիչ Տրայան Բասեսկուն։
Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակից / ANCA հայտնում են, որ հուլիսի 20-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի Ադրբեջանին պաշտպանական սարքավորումներ չուղարկելու օրինագիծը։
Ակտիվ աշխատանքներ են ընթանում նաև ՀՅԴ Հայ դատի Օտտավայի և Սիդնեյի գրասենյակներում։
Դաշնակցությունը գիտակցում է ներկա հանգրվանում իրեն վերապահված պատասխանատվության չափն ու կարևորությունը և կազմակերպական ամբողջ ռեսուրսի համախմբմամբ շարունակում է սպասարկել ու պաշտպանել բովանդակ հայության շահը հնարավոր բոլոր հարթություններում։
Ուժ և կորով բոլորիս, հաղթական խաղաղություն մեր հայրենիքին։
Հ․ գ․ Եթե որևէ շրջանի գործունեություն բաց եմ թողել, խնդրում եմ տեղադրել այս գրության մեկնաբանությունների տիրույթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը