Տավուշի սահմանամերձ բնակավայրերում այսօրվա իրականացված քաղպաշտպանությունը առանձնահատուկ էր վերջին 30 տարիների ընթացքում, քանի որ օրվա երկրորդ կեսին պատսպարումը հիմնված էր ԱԹՍ-ներից պաշտպանվելու վրա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը`հավելելով, որ սա նորություն էր իրենց համար, քանի որ պատսպարվելու վայրեր չկային, ամբողջ տարածաշրջանը թիրախավորված էր:
«Այսօր բավականին ծանր օր ենք ունեցել, վաղ առավոտից ռմբակոծվել են Տավուշի մարզի Բերդ համայնքի սահմանամերձ բնակավայրերը, Տավուշ գյուղն ու Բերդ քաղաքը: Համայնքի քաղպաշտպանությունը լավ է աշխատել եւ դրա շնորհիվ է, որ մենք մինչեւ օրվա երկրորդ կես կարողանում էինք պատսպարվել եւ խուսափել վատ հետեւանքներից, սակայն, ցավոք սրտի, օրվա երկրորդ կեսին մենք ունեցանք վիրավոր Չինարի գյուղում: Դեպքը տեղի է ունեցել այսպես` Չինարի գյուղի բնակչի վիրավորումից հետո ԱԻն տրանսպորտային միջոցը մոտեցել է համապատասխան աջակցություն ցուցաբերելու, դրա հետեւանքով ԱԹՍ–ն թիրախավորել է ԱԻՆ մեքենան»,-ասաց նա:
Այս օրերի ընթացքում գրանցվել է ադրբերջանական զինուժի կողմից վնասներ հասցնելու 51 դեպք, որոնցից 4-ը ենթակառուցվածքային, 4-ը` տրասնպորտային միջոցների, 2-ը՝ ընտանի կենդանիների, եւ 41-ը՝ շինությունների: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը` նշելով, որ հուլիսի 12-ից ի վեր վնասվել է 29 շինություն, իսկ այսօրվա ընթացքում 22-ը:
«Այս շինությունների նախնական ուսումնասիրությամբ մենք կրկին արձանագրեցինք, որ երկու շինություն հաստատ ենթակա է լիարժեք վերականգնման, մնացած շինությունները հնարավոր է վերականգնել առանց հիմնավոր շինարարության: Կառավարության որոշմամբ, մենք պետք է շատ արագ իրականացնենք այդ շինարարությունը, այսօր մենք Բերդ համայնքում ուսումնասիրել ենք շինարարական ռեսուրսները, այդ թվում ներառել ենք այն անձանց, որոնք վերադարձել են հայրենիք եւ համավարակի պատճառով չէին մեկնել արտերկիր: Այս ներուժը պետք է հնարավորինս օգտագործենք վթարված շինությունները շատ արագ վերականգնելու համար»,-ասաց նա:
Մարզպետը հավելեց, որ լուծվել են նաեւ ենթակառուցվածքների խնդիրները, մնացել են երկու ջրագծեր, որոնց վերականգնումը անվտանգ չէ այսօրվա պայմաններում:
Մարզպետը հավելեց, որ բարեբախտաբար տոտալ պատսպարում է տեղի ունեցել եւ հաջողվել է խուսափել կորուստներից:
«Չինարիի վիրավորված բնակչի վիճակը կայուն է, նա տեղափոխվել է Երեւան, կյանքի վտանգ չի սպառնում»,- հավելեց մարզպետը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը