Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ էլեկտրականությունը ոչ մի գյուղում չի խաթարվել, ունեցել են գազատարի 2 վնաս, երկուսն էլ արդեն վերականգնված է, գյուղատնտեսական աշխատանքները գրեթե չեն դադարել:
«Անցած տարվանից սահմանամերձ գյուղերի դիմակայունության բարձրացման հատուկ ծրագիր ենք իրականացնում: Փորձնական ծրագիրը լիարժեք իրականացվել է Տավուշի մարզի միայն մեկ գյուղում՝ Բերդավանում: Այժմ իրականացվում է մյուս գյուղերում: Ես հույս ունեմ, որ առաջիկա 1-2 տարվա ընթացքում գյուղերի դիմակայունությունը ավելի կբարձրացնենք: Դա ներառում է եւ ապաստարաններով հագեցվածություն, գյուղերի տեխնիկական ապահովվածությունը, սահման տանող ճանապարհների տեսահսկում, անլար հատուկ կապի միջոցների տրամադրում եւ այլն: Մենք այս օրերին շտապօգնության մեքենաները բաշխել ենք բոլոր սահմանամերձ գյուղերով: Հենց այս պահին Տավուշի մարզ են մտնում եւս 5 ամենագնաց շտապօգնության մեքենաներ»,-ասաց մարզպետը:
Նա նկատեց, որ միայն սահմանամերձ գյուղերի անվտանգությունն ապահովելը շատ քիչ է, պետք է տնտեսական զարգացման հիմքեր ստեղծվեն. «Դրա համար, նրանք, որոնք մտահոգված են Տավուշով, կոչ եմ անում խաղաղության ժամանակ եւս համակ ուշադրությամբ լցված լինեն: Մենք ուզում ենք մարդկանց մասնակցությունը տնտեսական կյանքին ներդրումային ծրագրերով»:
Դիտարկմանը, որ որոշ գյուղերում էլեկտրակնություն եւ գազ չկա, Հայկ Չոբանյանն ասաց. «Էլեկտրականությունը ոչ մի գյուղում չի խաթարվել: Ունեցել ենք գազատարի երկու վնաս, երկուսն էլ արդեն վերականգնված է»:
«Հուլիսի 12-ից սկսած անդորրը խաթարվեց եւ ըստ էության, մենք նորից վերադարձանք տարիներ առաջվա ռեժիմին, դա քաղաքացիական պատպանության բոլոր համակարգերի աշխատանքի ապահովումն է:
«Ցավոք սրտի, ունեցել ենք տների, ենթակառուցվածքների ավերածություններ, սակայն բարեբախտաբար մարդկային վնասներ չեն եղել: Այսինքն չենք ունեցել քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր եւ վիրավորներ: Շատ ուրախ ենք դրա համար, բայց ուզում եմ ասել, որ այդ իրավիճակը պայմանավորված է եղել նախ սահմանում ՀՀ զունված ուժերի պրոֆեսիոնալ վարքագծով, որը հնարավորություն է տվել, որպեսզի բնակիչները, քաղպաշտպանության ներկայացուցիչները ներգրավված լինեն հանգիստ պաշտպանական խնդիրներով: Նույնիսկ այս օրերին մարդկանց կենսագործունեությունը չի դադարել: Որեւէ խուճապ չի եղել, եղել է որոշակի լարվածություն, եւ եղել է բարձր զգոնություն բոլորի կողմից»,-ասաց մարզպետը:
Նա հույս հայտնեց, որ այսօրվա խաղաղությունը հաստատուն կլինի:
«Այս պահին իրականացվում են ավերածությունների գնահատման աշխատանքներ բոլոր սահմանապահ գյուղերում: Տավուշի մարզում դրանք 24-ն են: Այս դեպքում գործ ունենք հատկապես Չինարի, Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիր Աղբյուր գյուղերի հետ: Գիտեք, որ երկար տարիների դադարից հետո հրթիռակոծվել է նաեւ Բերդ քաղաքը: Եղել են վնասներ նաեւ արդյունաբերական ձեռնարկությունների մասով: Գնահատումից հետո մենք ամեն ինչ կանենք, որ շուտափույթ վերականգնենք վնասները»,-ասաց Չոբանյանը:
Մարզպետը նկատեց, որ մարդկանց ինքնակազմակերպման աստիճանը եղել է չափազանց բարձր մակարդակի. «Չի եղել տարհանում, եղել է պատսպարման գործողություն: Գյուղացիները գիտեն դրա մասին: Ես բնակչության բարոյահոգեբանական վիճակը կարող եմ համարել շատ բարձր, շատ մարտական: Բնականաբար, առանց խուճապի, շատ զգոն: Շատ շնորհակալ եմ սահմանապահ գյուղերի բնակիչներին այդ զգոնության համար»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը