Ադրբեջանի ղեկավարությունը ջանք ու եռանդ չի խնայում մեզ իր ակնկալիքների մասին բացատրելու համար: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին ՄԻՊ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:
«Անփոփոխ կերպով Ադրբեջանի կողմից դեռ անցած դարասկզբից՝ 18 թվականից սկսած ցեղասպանական քաղաքականություն կա: Մենք բոլորս չպետք է մոռանանք Ադրբեջանի ծնունդը, այս պետությունը պարտավոր է օսմանյան, հետագայում նաև երիտթուրքերի ծրագրերին, որոնք կոչված են իրականացնել հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայի սահամաններից դուրս: Ցեղասպանական քաղաքականությունը մեկ օրվա մտածելու կամ ծրագրի արգասիք չէ, սա դարերով եկած Օսմանյան Թուրքիայից սերված և հրաման ստացած ցեղասպանական քաղաքականություն է»:
Մյուս կողմից էլ ինչպես նշում է Լարիսա Ալավերդյանը՝ մեր իշխանությունների վարած քաղաքականությունն է իր գործողություններով Ադրբեջանի մոտ ակնկալիքներ ստեղծել, որոնք այդպես էլ չիրականացան ու հակառակորդն այսպիսի վարքագիծ է դրսևորում. «Նախ նրանց կրավորական բառապաշարը, ավելի քան զարմանալի քաղաքականություն է, երբ երկրի ներսում Արցախյան պատերազմը հաղթած ղեկավարներն են հետապնդվում, և Ադրբեջանի ղեկավարին՝ որպես կառուցողական և դրական անձնավորություն ընդունելը շատ թանկ արժեն միջազգային հարաբերությունների մեջ: Այնպես որ կամա թե ակամա մեր օրվա իշխանություններն այս երկու տարիների ընթացքում թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ տվել են այն ազդակները, որոնք պետք է անպայման առաջացնեին ինչ-ինչ ակնկալիքներ»:
Իրավապաշտպանը նաև ընդգծում է, որ հարցի վերաբերյալ խոսելիս ոչ միայն ղեկավարության բառամթերքը ճիշտ ընտրված չէ, այլ նաև կան այնպիսի ձևակերպումներ, որոնք պետք է լինեին, բայց չկան. «Արցախի անկախություն, Արցախի տարածքային ամբողջականություն, ազգային ազատագրական շարժում, ցեղասպանական քաղաքականություն Ադրբեջանի կողմից, այս բոլոր ձևակերպումներն ուղղակի բացակայել են, և այս ազդակները՝ ներքին և արտաքին քաղաքականության մեջ առաջացրել են այն ակնկալիքներն ու սպասելիքները, որոնք Ադրբեջանի ղեկավարի կողմից ընկալվում են որպես չիրականացված ակնկալիքներ»:
Ինչ վերաբերում է իշխանությունների, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին ու քայլերին բանակցային գործընթացի վերաբերյալ, Լարիսա Ալավերդյանը նշեց. «Օրվա վարչապետը միշտ պարծենում էր, որ ինքը միակ ՀՀ ղեկավարն է, ով ասում է, որ Արցախյան հարցի լուծումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար: Դա կոպիտ սխալ է, երկու ժողովուրդ կա, որոնցից մեկը հայ ժողովուրդն է՝ բաժանված վիճակում, և հետո չկա այդպիսի ռեալ լուծում քաղաքականության տիրույթում: Կամ այն, որ նա ցանկանում է ցույց տալ, որ Ադրբեջանի ժողովրդին կարող ձեռնտու լինել այնպիսի լուծում, որը ձեռնտու չի ղեկավարությանը, դա մանկապարտեզի բան է»:
Լարիսա Ալավերդյանը նաև հավելում է, որ շատ քայլեր կան, որոնք պետք է արվեն, բայց չեն արվում, և կան քայլեր էլ որոնք առհասարակ չպետք է արվեն, բայց արվում են. «Մենք տեսնում ենք զինվորական համազգեստանտեղի ու ծաղիկների վիրավորական ու անտեղի ցուցադրությամբ վերին աստիճանի գավառական տեսքով նկար ու խոսքեր, որոնք ոչ թե չեն արտացոլում իրականությունը, այլ ուղղակի հակառակվում են, հակադրվում են իրկանությանը, սա է խնդիրը: Եվ թող վարչապետն ու իր ընտանիքի անդամները չխառնվեն այն գործերին, որտեղ իրենք բացարձակապես ոչ միայն չեն հստակեցնում իրենց դիրքորոշումը իրողությանը համապատասխան, այլ հակադրվում են իրողությանը, և պատահական չէ, որ մինչև երեկ երեկոյան չկար ցավակցության խոսքեր զոհված զինծառայողների համար, չէ որ մեր նվիրյալներից 4 զոհ ենք ունեցել: Ես ինքս էլ ցավակցությունս եմ հայտնում և գիտեմ, որ լույս են դառնալու:
Եվ այս ֆոնին ես չգիտեմ ինչով են ղեկավարվում նրանք, ովքեր ցավակցություն են հայտնում մյուս կողմի զոհերի համար: Ես մարդու իրավունքների պաշտպան եմ եղել և գտնում եմ, որ այն կողմի զոհերը ևս ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության զոհերն են, բայց նրանք իրականացնում են այդ նույն ցեղասպանական քաղաքականությունը: Մենք պետք է տեսնենք տարբերությունը մեր նվիրյալների, որոնք պաշտպանում են իրենց հայրենիքը ցեղասպանությունից: Եվ Ադրբեջանը միայնակ չի գործում: Թուրքիան ու Ադրբեջանը ունեն մշակված ծրագրեր, որտեղ կարճաժամկետը 100 տարվա է, միջնաժամկետը 300, իսկ երկարժամկետը 500 տարվա: Մենք գտնում ենք այն տարածաշրջանում, որտեղ չենք դադարել երբևէ թիրախ լինել այդ ցեղասպանական քաղաքականությանը»:
Ինչ վերաբերում է հանգամանքին, որ ռազմական գործողություններն այս անգամ ոչ թե ծավալվեցին արցախա-ադրբեջանական սահմանին, այլ հայ-ադրբեջանականին, իրավապաշտպանն ընդգծում է. «Ադրբեջանը հետևողականորեն չի ուզում ճանաչել Արցախը թե որպես բանակցությունների, թե կոնֆլիկտի կողմ, և նա ամեն ինչ անում է այս տարիների ընթացքում, որ Հայաստանին ներկայացնի աշխարհին որպես միակ պայքարող կողմ, այն է ագրեսոր: Պատահական չէ, որ իրենք այդպես են հանդես գալիս, հիմա ընդգրկելով անմիջապես Հայաստանին շփոթ է ստեղծում, որ Հայաստանը այս վիճակը կապում է Արցախի հարցի հետ: Այս գործողություններով Ադրբեջանը կրկին ուզում է ապատեղեկատվություն տարածել, որ այս հակամարտությունը տեղի է ունենում Հայաստանի ու Ադրբեջանի միջև»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը