Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարություններին և այդ համատեքստում դիմել Նիկոլ Փաշինյանին։ Նա մասնավորապես նշել է, որ Սերժ Սարգսյանից 2008-2018 թվականներին Իլհամ Ալիևը փուլային տարբերակ է մուրացել ու չի ստացել, իսկ Փաշինյանը համանախագահների աչքի առաջ փուլային տարբերակի դիմաց ստորաբար Ալիևից խաղաղություն է մուրացել, մեր հաղթանակած բանակի, ժողովրդի պատիվը գետնով է տվել:
«Նիկիլ Փաշինյան, նպատակիդ հասել ես. խայտառակել ես ազգն ու Հայրենիքը
Բաքվում հիմարներ չկան: Երբ երկու տարի շարունակ Նիկոլ Փաշինյանը թույն ու թարախ էր սփռում երկրով մեկ, վերից վար ոչնչացնում էր անկախության տարիների ձեռքբերումներն ու հաղթանակները, վարկաբեկում ու վատաբանում էր, գործեր էր կարում ու բանտարկում էր հաղթանակ կերտողներին, 1000 անգամ ասացինք՝ մի արա պարոն վարչապետ, խնդիրներ ես ստեղծում: Թշնամիներն օգտվելու են, հիմար կլինեն, եթե չօգտվեն: 1000 անգամ ասացինք՝ խրամատից այն կողմ թշնամի կա, որ ուշի ուշով հետևում է արածիդ ու խոսքիդ, հետո արածդ ու խոսքդ օգտագործելու է երկրի դեմ, քո դեմ, որովհետև ոչ բարով Դու ես երկրի ղեկավարը:
1000 անգամ զգուշացրեցինք, խնդրեցինք ու հորդորեցինք, որ չի կարող երկրի վարչապետն այդքան մանր լինել, այդքան փոքրոգի լինել, այդքան քաղաքական խուրդա լինել: Հիշու՞մ ես, որ Մանվել Գրիգորյանի գրպանը տուշոնկա գցեցիր, վարկաբեկեցիր ու հիվանդ մարդուն տարար բանտում տանջելու: Հիշու՞մ ես, որ ասում էինք՝ մի արա, երկիր ու հաղթանակած բանակի գեներալ ես վարկաբեկում ու խայտառակում՝ ամենաստորացուցիչ ձևով: Երկու տարի է անցել, ի՞նչ ես արել, դատարանում ապացուցե՞լ ես, որ Մանվել Գրիգորյանը զինվորի փայ է գողացել: Հիշու՞մ ես, որ ասում էինք՝ եթե չապացուցես, պատմությունն է քեզ տուշոնկա սարքելու: Բայց քեզ այդ պահին միայն քո «Երկիր-Հայկական ժամանակն էր» հետաքրքիր, օրվա սկանդալը, որ սարքածդ ատելության ալիքի վրա ձեռքերդ տաքացնես»,- գրել է նա ու հավելել՝ ժամն է եկել հատուցման․ ««կիրթ ու կառուցողական» քիրվադ այն լեզուն է բանացնում, որ ինքդ ես դրել բերանը»:
Նա դիմել է Փաշինյանին՝ ասելով, որ չփորձի պատմական մասշտաբների հասնող հանցանքներն ուրիշի վրա բարդել․ «Մարդիկ ապուշ չեն, ամեն բան հասկանում են: Սերժ Սարգյանից 1993-ին Ադրբեջանի փոխվարչապետ Իլհամ Ալիևը զինադադար է մուրացել: Սերժ Սարգսյանից 2008-2018 թվականներին Իլհամ Ալիևը փուլային տարբերակ է մուրացել ու չի ստացել: Իլհամ Ալիևը ի լուր աշխարհի դարդոտված պատմում էր, որ համանախագահները փակ դռների հետևում ստիպում են իրեն ճանաչել Արցախի անկախությունը: Այդ օրն էր Սերժ Սարգսյանը գցել Իլհամ Ալիևին: Իսկ Դու համանախագահների աչքի առաջ փուլային տարբերակի դիմաց ստորաբար Ալիևից խաղաղություն ես մուրացել, մեր հաղթանակած բանակի, մեր փառապանծ ժողովրդի պատիվը գետնով ես տվել: Դու դա արել ես, որ հանգիստ պայմաններում իշխանությունը վերջնական զավթես ու ծխախոտի, ադամանդի ու զենքի մաքսանենգությամբ զբաղվես»։
«Հայաստանի ոչ մի ղեկավար, կրկնում եմ՝ ոչ մի ղեկավար Ադրբեջանի ղեկավարից խաղաղություն չի մուրացել, ոչ մի ղեկավար բանակն ու ժողովրդին թշնամու աչքերում չի ստորացրել: Դու ես միակը, որ մուրացիր: Գիտե՞ս չէ՝ «կիրթ ու կառուցողական» ընկերդ հիմա ինչու՞ է լեզու առել ու հաթաթա տալիս: Որովհետև ինքն էլ հասկանում է, որ այլևս չես կարող կատարել խոստումդ ու փուլային տարբերակով Արցախը հանձնես Ադրբեջանին»,- գրել է Հակոբյանը:
«Նիկոլ Փաշինյան, ինչպես «կիրթ ու կառուցողական» ընկերոջդ առիթավորվելու հնարավորություն ես տվել, ինչպես բերանը լեզու ես դրել, այդպես էլ այդ լեզուն կտրիր, եթե կարող ես իհարկե»,- գրել է նա և հավելել․ «Սկսիր իրերդ հավաքել, քեզ շատ չի մնացել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը