Իշխանությունները խաղում են այս պետության ու ժողովրդի ճակատագրի հետ։ Հայաստանն արժանի չէ այս իշխանություններին, եւ այս իշխանություններն արժանի չեն Հայաստանին։ Պետք է դադարեցնել խաղերը այս ժողովրդի ճակատագրի հետ։ Այս մասին «Երկիր մեդիա» ՀԸ «Երկրի հարցը» հաղորդաշարին հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Ցանկանո՞ւմ է դառնալ վարչապետ, հարցին ի պատասխան Ա․Վանեցյանն ասել է, որ այս պահին օրակարգում նման հարց չկա․
«Այսօրվա մեր օրակարգը այլ բանի մասին է․ մեր գերխնդիրը այս ապիկար ու ապաշնորհ իշխանություններին կառավարման ղեկից հեռացնելն է, նրանց ամեն մի օր ավելի մնալը իշխանության մեջ ուղիղ սպառնալիք է մեր հայրենիքին։ Օրակարգը, որի շուրջ մենք սկսելու ենք հանդիպումների ու քննարկումների շարքը, այս իշխանություններին հեռացնելն է եւ ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելը։ Այդ օրակարգի շուրջ մենք կսկսենք քաղաքական կոնսուտացիաներ քաղաքական բոլոր ուժերի եւ անհատների հետ»։
Ի պատասխան ԲՀԿ նախագահի հետ հանդիպման վերաբերյալ հարցի, Արթուր Վանեցյանն ասել է, թե Գագիկ Ծառուկյանի հետ ունի շատ լավ, մարդկային, մտերիմ հարաբերություններ․
«Հանդիպել եմ առաջ, հիմա էլ եմ հանդիպում, հետագայում էլ եմ հանդիպելու, առայժմ քաղաքական պայմանավորվածություն չունենք։ Մենք քաղաքական խորհրդում կքննարկենք, եւ երբ որոշում կունենանք համագործակցության մասին, հանրությունը կտեղեկացվի։ Կարող եմ առայժմ բացառել միայն այն ուժերի հետգործակցությունը, որոնց ներկայացուցիչների վերաբերյալ քրեական գործեր կան կամ դատավարություններ են ընթանում եւ դեռ վճիռներ չկան»։
Արթուր Վանեցյանը հիշեցրել է, որ դիմել է ԱԺ ընդդիմադիր ուժերին՝ խորհրդարանում քննիչ հանձնաժողով ձեւավորելու եւ պարզելու՝ տապալե՞լ է իշխանությունը կորոնավիրուսի դեմ պայքարը, թե՞ ոչ։
«Չէի ուզի մեկնաբանել առաջին նախագահի սիլլոգիզմը, բայց համաձայն չեմ, որ պատերազմ է, սա համաճարակ է, ճգնաժամ։ Այսօրվա վիճակը իշխանությունների ուղիղ պատասխանատվությունն է․ նրանք սկզբում զբաղված էին կեղծ օրակարգով, Սահմանադրական դատարանի հարցով էին զբաղված։ Կորոնավիրուսի դեմ պայքարով իշխանությունները սկսել են պայքարել բացառապես հասարակության ճնշման տակ։ Նրանք ի սկզբանե անլրջացնում էին այս խնդիրը տարաբնույթ անլուրջ հայտարարություններով։ Պետք էր անել երկու բան․ մեկուսացնել Իտալիայից եւ Իրանից ժամանածներին։ Եվ հիմա ունենք այս ողբալի վիճակը»։
«Հայրենիք» կուսակցության նախագահի խոսքով՝ այս իշխանությունները չեն կարողանում նորմալ հարաբերվել արտաքին աշխարհի հետ․
«Ռուսաստանի հետ, որը մեր ռազմավարական դաշնակիցն է, որի հետ անվտանգային եւ տնտեսական առումով երկու կառույցում ենք՝ ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի, մենք այսօր ունենք, մեղմ ասած, ոչ լավ հարաբերություններ։ Շատերն ասում են, թե պետք է ինքնիշխան լինենք, ազատվենք Ռուսաստանի գերիշխանությունից․․․ Ես հարց ունեմ՝ արդյո՞ք այս իշխանություններն անկախ են։ Իրականում ավելի հարմարվող իշխանություն Հայաստանում չեմ հիշում»։
Արցախի խնդրով Արթուր Վանեցյանը դավաճանության կամ դավադրությունների չի հավատում, սակայն մտահոգված է, որ «այս իշխանության ապաշնորհ քաղաքականության հետեւանքով Հայաստանն ու Արցախը հայտնվելու են մի վիճակում, որ կամ պետք է գնան միակողմանի զիջումների կամ պատերազմ է լինելու»։
Պետությունը վերածվել դեղին մամուլի թերթի, ասել է Արթուր Վանեցյանը։
Նա նաև նշել է․
«Տեսնելով, թե ինչ վիճակի է հասել մեր երկիրը եւ ուր է գնում, ես որոշեցի զբաղվել քաղաքականությամբ եւ վերջ տալ այսօրվա իշխանությունների ապաշնորհ կառավարմանը, որն անդունդի եզրին է հասցրել երկիրը։ Այս մասին հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ի պատասխան «Իմ քայլի» պատգամավոր Արթուր Մանուկյանի արտահայտությանը, թե՝ թող Վանեցյանը խոսի, այդպիսով պարզ կլինի, թե որ երկրի շահերն է նա սպասարկում։ Ես բացառապես խոսում եմ ՀՀ եւ Հայաստանի ժողորդի շահերից, ասել է Ա․Վանեցյանը։
«Չգիտեմ էլ Արթուր Մանուկյանն ով է։ Մարդ պետք է կենսագրություն ունենա, որ իրեն ճանաչեն։ Կեղծ պնդումներ են, որոնք աղերս չունեն իրականության հետ։ Դա է այսօրվա իշխանությունների վերաբերմունքը քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ, հավատացեք, եթե ունենային ինչ-որ չնչին ապացույց այս կամ այն արարքի վերաբերյալ, կամ կհրապարակվեր մամուլում կամ քրեական գործ կհարուցվեր։ Ամբողջովին կեղծ պնդումներ են։ Մարդը պետք է իմանա իր խոսքի արժեքը; Այդ մարդիկ անընդհատ հակասում են իրենք իրենց», ասել է Արթուր Վանեցյանը։
Արթուր Վանեցյանն ասել է, թե իր մասին ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարականից հետո, բոլոր կեղծ լուրերը հետապնդում են մեկ նպատակ․
«Ինձ փորձում են վարկաբեկել, իմ մասին տարածում են լեղծ տեղեկություններ։ Իմ հասցեին որեւէ մեղադրանք հաստատում չի ստացել։ Ես դիմել եմ դատարան, վստահ եմ՝ դատարանը կքննի գործը եւ օբյեկտիվ գնահատական կտա։ Վարչապետն ու նրա խոսնակը պնդում են, թե ես փայաբաժիններ եմ գնել Միքայել Մինասյանից։ Ես առաջարկել եմ Փաշինյանին հաղորդում ներկայացնել գլխավոր դատախազին, եթե պարզվի՝ ճիշտ է, ես կկրեմ պատասխանատվություն, եթե ոչ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է դատապարտվի սուտ մատնության համար», ասել է Արթուր Վանեցյանը։
ԱԱԾ նախկին տնօրենի խոսքով՝ քաղաքականությամբ զբաղվել իրեն դրդել է մեկ բան՝ պատասխանատվությունը պետության ու ժողովրդի առջեւ․
«Ցանկացած պարագայում պատասխանատվությունն իմ մեջ եղել է առաջնահերթություն։ Տեսնելով, թե ինչ վիճակի է հասել մեր երկիրը եւ ուր է գնում, ես որոշեցի զբաղվել քաղաքականությամբ եւ վերջ տալ այսօրվա իշխանությունների ապաշնորհ կառավարմանը, որն անդունդի եզրին է հասցրել երկիրը, երկիրը հասնում է մի կետի, որից հնարավոր է վերադարձ չլինի։ Նորից օրակարգ է բերվում նույն թեմա, թե ես ուղղորդվում եմ։ Չկա նման բան», ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը