«Իմ պաշտոնավարման ավարտին մենք հայ ժողովրդին բավական լավ ժառանգություն էինք թողել հատկապես Արցախի հարցում, որն այժմեական էր նույնիսկ 2018 թվականին»,- Հայ դատի խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին արտգործնախարար (1998-2008թթ․) Վարդան Օսկանյանը։
Հայ դատի գրասենյակների ներկայացուցիչներին նա համարեց դեսպաններ։ «Ինձ հիշեցրեց իմ նախարարության ժամանակը, երբ տարին մեկ անգամ բոլոր դեսպանները ավաքվում էին Երևանում՝ գնահատելու մեր արած աշխատանքը, վելուծելու իրավիճակը և ծրագրելու հետագա անելիքները։ Բայց այդ հիշողություններն ու էսօրվա իրավիճակը տարբերվում են ժամանակի բովանդակության առումով։ Այժ ժամանակ գոյություն ուներ Արցախ՝ պետական կառույցներով, ժողովրդի կողմից ընտրված ղեկավարներով, Հայաստանը բանակցային սեղանի շուրջ կարողանում էր թելադրել իր կամքը։ Մենք ունեինք իսկապես դաշնակիցներ և բարեկամներ, որոնք օգնում էին մեզ, նպաստում մեր վարած քաղաքականության մեջ և նույնիսկ մեր հակառակորդները հարգում էին Հայաստանի սահմաններն ու ինքնիշխանությունը։ Այսօր չկա Արցախ, արցախահայությունը զրկվել է իր հայրենիքից, տնից, Հայաստանի դիվանագիտությունն անորոշության մեջ է, դաշնակցային հարաբերությունները փլուզվել են, բարեկամներն անտարբեր են։ Հայաստանի դիվանագիտությունը հայտնվել է մի ոլորանի մեջ, անողոք մի շրջափուլի մեջ, որից դուրս գալն այս իշխանությունների պարագայում անհնարին է»,- ասաց Վարդան Օսկանյանը։
Վարդան Օսկանյանի խոսքով, մեծ անջրպետ կա հայ ազգի շահերի ու Հայաստանի իշխանություների շահերի միջև։ Ըստ նրա, իշխանության նպատակը իր բերած արհավիրքի խարանը ճակատից սրբելը, ուրիշներին մեղադրելը, աթոռն ու իշխանությունը պահելն է։ Նախկին արտգործնախարարի խոսքով, դա բարդացնում է արտերկրում աշխատանքը։
«Այսօր արցախահայության միջազգային երաշխիքներով իրենց տներ և հայրենիք վերադառնալու հարցը օրակարգային հարց դարձնելու միակ խոչընդոտը Հայաստանի իշխանություններն են։ Հայաստանի իշխանութունների պատասխանն այն է, որ մենք այլընտրանք չունենք։ Հայաստանի իշխանությունները կա՛մ չգիտեն, կա՛մ ազնիվ ու անկեղծ չեն։ Հայ ժողովուրդն ու Հայաստանն ունեն դիվանագիտական խպաղաղ այլընտարնքային լուծումներ այն ամենին, ինչը Հայաստանի իշխանությունները պարտադրաբար անում են։ Ուզում եմ վստահեցնել, որ հայ քաղաքական միտքը և առավել ևս՝ արտաքին քաղաքական միտքը չի չորացել։ Կան այլընտրանքներ։ Առաջինը մենք պետք է կարողանանք դուրս գալ պատերազմի սպառնալիքի տակ գործելուց․ այս մտածողությունը հանել մեր մտքերից։ Մեր հիմական ուղենիշը, գործունեությունը պետք է լինեն մեր ազգային շահերը։ Մենք պետք է հասկանանք՝ ոնց ենք համադրելու մեր ազգային շահն ու ստեղծված իրավիճակը»,- ասաց Վարդան Օսկանյանը։
«Անկախության առաջին օրվանից և շարունակվող տարիներին մեր պետությունը խարսխվել է հինգ կարևոր հենասյուների վրա՝ Արցախ, բանակ, սահմանադրություն, Հայ Առաքելական եկեղեցի և սփյուռք։ Այսօր այդ բոլոր 5 հենասյուները կա՛մ հիմնովին քանդվել են, կա՛մ էապես թուլացել են։ Ոչնչացրել ենք Արցախը, փոշիացրել ենք բանակը, ամեն օր ոտնահարում ենք սահմանադրությունը, հալածում ենք եկեղեցին և արհամարհում ու մասնատում սփյուռքը։ Բոլորս միասին մեծ անելիք ունենք, որ վերականգնենք ու վերակառուցենք առաջիկա տարիներին։ բայց դա կլինի միայն ազգային կառավարւթյամբ, համախոհութմամբ, ներքին ներդաշնակությամբ և հավատով»,- եզրափակեց Նախկին արտգործնախարար, արցախահայության հիմնարարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի նախագահ Վարդան Օսկանյանը։
Ելույթը՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը