09 06 2020

300-ի հասնող ընդհատված կյանքերը լուռ և ցցուն վկայությունն են այս իշխանությունների տոտալ ձախողման և տապալման. Արթուր Ղազինյան

300-ի հասնող ընդհատված կյանքերը լուռ և ցցուն վկայությունն են այս իշխանությունների տոտալ ձախողման և տապալման. Արթուր Ղազինյան

Իշխանական քարոզիչները, իրար հերթ չտալով, կրկնում են, որ պահանջելով կառավարության հրաժարականը, ընդդիմությունը թիկունքից հարվածում է իշխանությանը համաճարակի պայմաններում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը։

Նա գրել է. «Չխորանալով այս մանիպուլատիվ փաստարկի դատարկության և անբովանդակության մեջ, հարկ եմ համարում փաստել, որ իշխանությունը, իր հանցավոր ինքնավստահությամբ, պարզունակությամբ և թեթևամտությամբ, արդեն իսկ հարվածել է Հայաստանի և Հայ ժողովրդի թիկունքին, ընդ որում, հարվածել է մի քանի անգամ ու շատ ցավոտ։ 

Վարակակիրների անթույլատրելի վտանգավոր թիվը և 300-ի հասնող ընդհատված կյանքերը լուռ և ցցուն վկայությունն են այս իշխանությունների տոտալ ձախողման և տապալման։ Էլ չեմ խոսում փլուզման եզրին գտնվող տնտեսության ու առողջապահական համակարգի մասին։

Բարոյական տարրական օրենքներից զուրկ լինելով, իրենք փորձեցին իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը բարդել մեր դյուրահավատ և միամիտ քաղաքացիների վրա։

Սակայն իրենց կողմից նետած բումերանգը հարվածեց իրենց իսկ ճակատին, քանի որ միայն տկարամիտներն ու բարոյական օրենքներից զուրկ գործիչների մտքով կարող էր անցնել սեփական հանցավոր անգործության մեղքը բարդել ժողովրդի վրա։

Ստացած ցավոտ հարվածից ուշքի չգալով նրանք գտան նոր թիրախ՝ քաղաքական ընդդիմությանը, որին կարելի էր մեղադրել դավաճանության մեջ։ Իրենց «ժողովրդավարության բաստիոն» հռչակած իշխանությունը քաղաքական ընդդիմության գործունեությունը գնահատում է որպես «դավաճանություն»՝ մերժելով քննադատական գործունեություն ծավալելու և տապալված կառավարության հրաժարական պահանջելու ընդդիմության էքսկլուզիվ իրավունքը։

Հարգելի հեղափոխականներ, վերջապես սովորեք լինել իշխանություն և եթե ունակ եք, փոխեք ձեր գավրոշային մտածողությունը։ Ընդդիմությունը, որքան էլ դա ձեզ տհաճ լինի, պետք է քննադատի ձեր գործունեությունը, պետք է պահանջի և հասնի տապալված ու ձախողված վարչապետի և կառավարության հրաժարականին։

Պատրաստվեք առերեսվել ձեր իսկ կողմից ձևավորած իրականությանը, շատ դաժան ու անողոք իրականությանը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ