08 06 2020

Հայկ Մարությանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել. «Մեդիա պաշտպան»

Հայկ Մարությանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել. «Մեդիա պաշտպան»

2020թ-ի մայիսի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նախաձեռնությունը հրապարակել է դիտարկումների արդյունքերն ամփոփող հայտարարություն, որում մասնավորապես նշված է․

«Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 262 հոդված, որոնցից 82-ը եղել է բացասական, 180-ը՝ չեզոք։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել» ։

Նշվում է, որ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան էջում Հայաստանի առաջին հանրապետության տոնին նվիրված որևէ շնորհավորական ուղերձ չի եղել։

Դավթաշենի նախկին թաղապետ Ռուսլան Բաղդասարյանը գրառումներ է արել անշարժ գույքի գրեթե 4 անգամ թանկացման և Հայկ Մարությանի հայտարարության կապակցությամբ, թե քանի շուտ է ծախենք, հետո էժանանալու են։

«Իսկ գիտե՞ք, որ այդպես կփլվի անշարժ գույքի շուկան:Դուք հաշվի չեք առել, որ մեր սփյուռքի հայրենակիցների համար հենց ցածր դրույքաչափն էր գրավիչ դարձնում այստեղի գույքը: Ուզում ե՞ք սփյուռքի ոտը կտրել Հայաստանից»,-գրել էր Ռուսլան Բաղդասարյանը։

Ըստ մամուլի` քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական խոստումներից մեկը Երևանում նոր մետրոյի կայարան կառուցելն էր, նույնիսկ եղան հայտարարություններ, որ մասնավոր ընկերություն է իրականացնելու այդ կառուցապատումը։ Հրապարակման համաձայն`անցել է մեկ տարի, բայց շինարարությունը չի սկսվել։

Մամուլում անդրադարձ է եղել նաև գույքահարկի բարձրացման թեմային, որը քննադատվում է մի շարք հասարաքաղաքական գործիչների կողմից. «Մեկ տարի առաջ տեղական տուրքերի բարձրացումը հավանաբար բավարար չի Հայկ Մարությանի, նրա տեղակալների, խորհրդականների, վարչությունների պետերի առանց այն էլ աստղաբաշխական պարգևտրումների համար։ Երբ խոսվում է ավելի թանկ գույքից ավելի բարձր գույքահարկ ստանալու մասին, բնականաբար դա հիմնականում վերաբերվում է մայրաքաղաքին։ Հայաստանի մնացած բնակավայրերում գույքի արժեքը ավելի ցածր է՝ պայմանավորված դրա կադաստրային և շուկայական արժեքներով»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ