Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջթւմ գրում է.
ՈՐՈՇՈՒՄԸ ՁԵՐՆ Է
Կարողանալ օբյեկտիվ գնահատել իրավիճակը, կանխատեսել հնարավոր զարգացումները. սրանք պետական-քաղաքական գործչի հատկանիշներ են: Մարդը կամ ունի այս հատկանիշները, կամ չունի:
Պատահական այս իշխանության առաջին դեմքն ակնհայտորեն հեռու է նկարագրվածից:Դեռ չխոսելով նրա` պետական գործչին անհարիր այլ դրսևորումներից:
Հիմա տեսեք, թե ներքաղաքական ներկա իրողությունները ինչպես է պատկերում նախագահ Ռոբերտ Քոչարյանը մոտ մեկ տարի առաջ, 2019թ. հուլիսի 30-ին ,,Голос Армении,, թերթին տված հարցազրույցում.
,,Կարծում եմ` ,,կոնսենսուս մինուս մեկ,,-ը, որպես գաղափար, ձևավորվել է քաղաքական դաշտում: Բոլորը տեսնում են, որ պետական ապարատը ծառայում է ոչ թե երկրի զարգացման ծրագրերին, այլ մեկ մարդու բնազդներին ու քմահաճույքներին, որ բխում են նրա` ծայրահեղ պարզունակ աշխարահայացքից: Իշխանությունների պարզունակության և ֆունկցիոնալ իմպոտենցիայի մասին այսօր խոսում են բոլորը: Այսինքն` ընդդիմության դաշտում համախմբման բարեբեր հող կա: Սակայն չեմ կարծում, որ համախմբման միասնական կենտրոնը կստեղծվի միանգամից: Ենթադրում եմ, որ ձդողականության տարբեր ուժով մի քանի կենտրոններ կլինեն, սակայն դրանց միջև ակտիվ գործակցություն կապահովվի: Ընդ որում` հենց այդտեղ կկենտրոնանա հասարակության քաղաքականապես ակտիվ-մտավոր հատվածը: Այդ գործընթացներում ես կարևոր օղակ կլինեմ, սակայն` ոչ միակը: Երկրին հարկավոր է առողջ ուժերի լայն համախմբում: Այդ գործընթացը անպայման կհանգեցնի նաև խորհրդարանական ընդդիմության արմատականացմանը, այլապես այն կկորցնի իր ընտրազանգվածը,,:
Ավելացնելու բան չկա: Եւ սա` բանտախցից: Գրեթե ճշգրիտ այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում:
Բայց նշված հատկանիշները դեռևս բավարար չեն իրական առաջնորդ լինելու համար: Թերևս ամենակարևորը ժամանակին, արագ որոշումներ կայացնելու ունակությունն է: Իսկ սա, իմ կարծիքով, Ռոբերտ Քոչարյանի ամենաուժեղ կողմն է: Տասնյակ ու տասնյակ նման որոշումների շղթա է նրա կենսագրությունը:
Քաղաքականության մեջ դերակատարման, առաջնորդության ձգտող երիտասարդ գործիչները պարտավոր են յուրացնել հիշյալ կանոնները: Այս առումով ևս նախագահ Քոչարյանի գործն ու փորձառությունը օրինակ է:
Նաև` ահա թե ինչու է օր առաջ նրա ազատության մեջ գտնվելը անհրաժեշտություն: Եւ այն քաղաքական դեմքերը, ովքեր չեն գիտակցում, չեն աշխատում նրա ազատության համար, նվազեցնում են դերակատար-առաջնորդ դառնալու իրենց հնարավորությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը